Վարդաշենի անօթևանների կացարանում կատարյալ բարձիթողի վիճակ է։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականին ահազանգել էին կացարանի շահառուներից մի քանիսը, հայտնելով, որ արդեն տևական ժամանակ է կարանտինի անվան տան կացարանի բնակչներին փակի տակ են պահում, թերսնման խնդիր կա, բնակիչներից ոմանք ջերմում են և, որ կացարանի բնակիչներն այնտեղ նաև բռնության են ենթարկվում։
Ահազանգի հետքերով «Փաստինֆո»-ն կապ հաստատեց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի՝ Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանի հետ։ Լրատվամիջոցի՝ տեղում նկարահանումներ իրականացնելու առաջարկը տնօրենը միանգամից և շատ կտրուկ բացառեց. «Չեք կարող մեզ մոտ մտնել և զրուցել, որովհետև կարանտին է, ոչ մի շահառու չի մտնում, դուրս չի գալիս այստեղից, աշխատակազմն էլ, կարանտինով պայմանավորված, կտրուկ կրճատվել է՝ մի քանիսն են մնացել։
Լրագրողի հարցին՝ ի՞նչ վիճակ է այս պահին տիրում անօթևանների կացարանում և ինչո՞վ են պայմանավորված կացարանից հնչող ահազանգերը, տնօրենը նկատելի ագրեսիվ տոնով պատասխանում է.«Այստեղ աշխատանքային նորմալ վիճակ է։ 90 շահառու ունենք, ովքեր այս պահին բնակվում են տեղում, ապրում են իրենց բնականոն առօրյայով, սնվում են, լողանում են և այլն»։
Մեր հարցին՝ արդյո՞ք կարանտինային պայմանները խնդիրներ չեն առաջացրել կացարանի շահառուների բնականոն առօրյա կյանքում, որովհետև լրատվամիջոցը ահազանգեր է ստացել, Շավարշ Խաչատրյանը նախ պատասխանում է, որ չի հասկացել հարցի իմաստը, հետո որոշակի պարզաբանումներ է տալիս.«Երբ կարանտինային ռեժիմ չկար, կացարանի բնակիչները դուրս էին գալիս, գնում էին սնվելու, մարդիկ կային, ովքեր իրենց թոշակն էին ստանում, ու հետ էին գալիս։ Ձեր ասած այդ ահազանգերն ու բողոքները կապված են միայն թոշակների ստացման կարգի հետ, որովհետև բոլոր այն բնակիչները, ովքեր գրանցված չեն այս շենքում, թոշակ չեն կարողանում ստանալ, որովհետև շենքից դուրս գալ չեն կարող։ Մենք չենք կարող թողնել, որպեսզի նրանք գնան դրսից իրենց թոշակը ստանան ու գան ներսում բոլորին վարակեն»։
Լրատվամիջոցի հարցին՝ արդյո՞ք չկա՞ օրենքով նախատեսված որևէ դրույթ, որով կացարանի տնօրինությունը կարող էր լուծում տալ ստեղծված իրավիճակին, որպեսզի թոշակով սնվող կացարանի բնակիչները սննդի խնդիր չունենային, Շավարշ Խաչատրյանը պատասխանում է.«Ենթադրենք, բնակիչներից մեկը գրանցված է, ասենք՝ Մալաթիայում և այնտեղից է ստանում իր թոշակը, ապա նա չի կարող այստեղից դուրս գալ, որովհետև Covid-ով վարակված հետ կգա ու այստեղ 90 հոգու միանգամից կվարակի, այնտեղից էլ «Հայփոստ»-ը թոշակը չի առաքում։ Այդպիսի գործառույթ չկա, որ այնտեղի թոշակ բաժանողը բերի մեկ ուրիշ ռայոնում իրենց թոշակը տա։ Մենք այլևս հնարավորություն չունեն երրորդ անգամ կերակրել կացարանի շահառուներին։ Այդ հարցը կամ կառավարությունը պետք է լուծի, կամ միջազգային կազմակերպությունները»։
Սա՞ է արդյո՞ք պատճառը, որով պայմանավորված կացարանի շահառուները թերսնման խնդրի առաջ են հայտնվել հարցին ի պատասխան, Վարդաշենի անօթևանների կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը հեռախոսն անսպասելի փոխանցում է մեկ այլ զրուցակցի, ով, ներկայանալով որպես կացարանի սոցիալական աշխատող Հմայակ Ղազարյան, սկսում է հայտնել տեղեկություններ, որոնցից շատերն ուղիղ հակասում են տնօրեն Շավարշ Խաչատրյանի հայտնած տեղեկություններին։
Լրագրողի հարցին՝ ի՞նչ վիճակում են կացարանի շահառուների սննդի հետ կապված հարցերը, Հմայակ Ղազարյանը պատասխանում է. «Կարանտինի սկսվելուց հետո՝ մարտի 14-ից ի վեր, կացարանում ելումուտն արգելվել է, որն իր հետ բերել է մի շարք խնդիրներ։ Մեր մոտ էլ տարբեր կատեգորիայի մարդիկ կան՝ փողոցներից հավաքված, որոնց առօրյան այնպես է ձևավորվել, որ իրենք իրենց օրվա մեծ մասը դրսում պետք է անցկացնեն՝ լուծելու համար իրենց սննդի, ծխախոտի հարցը։ Քանի որ կացարանը փակ է ելումուտի համար, սա իր հետ բողոքի ալիք է բարձրացրել։ Մենք կարողացանք խանութի հետ պայմանավորվել, որպեսզի նրանց անհրաժեշտ ապրանքներն առաքվեն անմիջապես այստեղ՝ կացարան։ Ովքեր մեր տարածքում են գրանցված, նրանք կարողացել են ստանալ իրենց թոշակները և խնդիր չի եղել։ Ովքեր այլ տեղերում են գրանցված և բանկոմատից են ստանում իրենց թոշակը, մենք նրանց տանում ենք՝ ամեն մեկն իր բանկոմատից թոշակը ստանում է և հետ ենք բերում կացարան»։
Լրատվամիջոցի նկատառմանը, թե կացարանի տնօրենի և սոցիալական աշխատողի հաղորդած տեղեկությունները չեն համապատասխանում իրար հետ, որ, ըստ տնօրենի հաղորդած տեղեկության՝ կարանտինային ռեժիմի մեկնարկից ի վեր՝ կառույցում ոչ մի շահառու դուրս ու ներս չի արել, տնօրեն Խաչատրյանը վերցնում է լսափողն ու ագրեսիվ տոնով բացատրություն պահանջում լրագրողից։
Մեր հարցին՝ Covid-ով հիվանդ քանի՞ շահառու կա այս պահին կացարանում, արդեն սոցիալական հարցերով պատասխանատուն նշում է՝ ոչ մի։ Մեր ճշտող հարցին՝ կարանտինի սահմանումից ի վեր, Covid-ով հիվանդ քանի՞ շահառու է եղել կացարանի ներսում, Հմայակ Ղազարյանը պատասխանում է՝ իրենք չգիտենք, կոնկրետ թիվ չեն ֆիքսել։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան կատարած չհայտարարված այցի արդյունքներով արձանագրված խնդիրների կապակցությամբ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, որն իրականացնում է գործի նախաքննությունը:
ՄԻՊ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կացարանի շահառուները ՄԻՊ ներկայացուցչի հետ առանձնազրույցներում տեղեկացրել էին՝ իրենց կամ այլ շահառուների ստացած 25.000 ՀՀ դրամի հաշմանդամության թոշակից 15․000 դրամը տալիս են կացարանի աշխատակցին իրենց «կացարանում պահելու համար» կամ «հիգիենիկ և կենցաղային պարագաներ տրամադրելու համար»։ Վերոհիշյալ տեղեկությունները և լրացուցիչ այլ տեղեկություններ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուղարկել էր ՀՀ գլխավոր դատախազություն։
Արդյունքում, Ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետի հատկանիշով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարել) հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան