Կորոնավիրուս կորոնավիրուս ու դրա հաջորդած ճգնաժամը ճգնաժամ, բայց ֆուտբոլիստները շարունակում են մնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ու ամենաշատ վաստակող մարզիկները։ Իհարկե, չարաբաստիկ 2020-ը նրանց գրպանին նույնպես հարված է հասցրել ու նրանցից շատերի եկամուտը 2016-ից սկսած ամենամեծ անկումն է գրանցել, այնուամենայնիվ Forbes-ի հրապարակած ամենահարուստ մարզիկների թոփ 100-ում կարելի է գտնել 14 ֆուտբոլիստի անուն։
*Մինչև կանցնենք այդ խաղացողների հետ ծանոթանալուն, մտապահեք, որ հաշվի են առնված ֆուտբոլիստների ստացած պարգևավճարները, աշխատավարձը ու բոնուսները 2019-ի հունիսի 1-ից 2020-ի հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում, իսկ 2019/20 մրցաշրջանից հետո ազատ գործակալ դարձած խաղացողների պարագայում հաշվարկվել է օրացույցային տարվա եկամուտը։
14. Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»)- 16.5 մլն. ֆունտ
Մադրիդի «Ռեալի» ավագը 16 մլն. ֆունտ է վաստակել մեծապես «Արքայական ակումբում» իր բացառիկ պայմանագրի շնորհիվ։
Գոլեր խփող պաշտպանը մոտավորապես 14 մլն. վաստակել է աշխատավարձի ու պարգևավճարների շնորհիվ, իսկ 2.2 մլն.՝ գովազդային համագործակցություններից։ 34-ամյա իսպանացին պայմանագրեր ունի Nike-ի հետ ու բելգիա-բրազիլական ըմպելիքների AB InBev ընկերության հետ։
13. Գարեթ Բեյլ («Ռեալ Մադրիդ»)-19 մլն. ֆունտ
Հիմա դուք հասկանում եք «Ռեալի» ղեկավարներին, որոնք իրենց ամենաքաղցր երազներում տեսնում են, թե ինչպես են վաճառում Գարեթ Բեյլին։
Ֆուտբոլում գոլֆի արքան ավարտված մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 20 հանդիպման, բայց մադրիդցիներից ստացել է 14.6 մլն, ևս 4.1 մլն նրա հաշվին նստացրել են հովանավորները։
12. Ալեքսիս Սանչես («Մանչեսթեր Յունայթեդ»/«Ինտեր»)-19.3 մլն. ֆունտ
Հերթական ծանր բեռը եվրոպական ակումբներից մեկի համար։ «Արսենալից» Մանչեսթեր տեղափոխվելուց հետո Սաչեսը շքեղ պայմանագիր կնքեց, որի համար հետո շատ իր գլխին տվեց ՄՅՈւ-ի սպորտային տնօրենը։
2019/20 մրցաշրջանը ֆուտբոլիստը անցկացրեց վարձակալությամբ «Ինտերում», բայց ի վերջո անգլիացիները համաձայնեցին բաց թողնել խաղացողին անվճար։ Ասում են, որ «Յունայթեդը» խնայել է 60 մլն. եվրո այս որոշման արդյունքում։
Իտալական ակումբում վարձակալությամբ հանդես գալու ընթացքում Սանչեսը վաստակել է 18.6 մլն. ու ընդամենը՝ 0.7 մլն. գովազդներից։
11. Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)- 19.4 մլն. ֆունտ
Անցած ամառ իսպանացին թարմացրեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը։ Թեև սա նրա ամենահաջող մրցաշրջանը չէր, բայց նա հարստացել է 17.2 մլն. ֆունտով։
Դե Խեայի հովանավորչական պայմանագրերը Adidas-ի ու Pepsi-ի հետ օգնել են նրան կուտակել 2.2 մլն։
10. Անտուան Գրիզման («Բարսելոնա») – 20.2 մլն. ֆունտ
Անցած ամառ ֆրանսիացին վերջապես որոշում կայացրեց լքել «Ատլետիկոն» հանուն «Բարսելոնայի»՝ կնքելով 5-ամյա շահավետ պայմանագիր կատալոնացիների հետ։ «Կապտանռնագույները» անցած տարի նրան վճարել են 16 մլն. աշխատավարձ։
Գրիզմանը երկարամյա պայմանագրեր ունի նաև Puma-ի ու Huawei-ի հետ և գովազդներով աշխատել է 4.2 մլն։
Ամբողջությամբ՝ vnews.am