Ճշմարտությունն այն է, որ մեր այսպես կոչված առաքինությունները մեզ չեն ազատագրի տառապանքից, չեն ապահովագրի ու ինչ-որ կասկածելի նախախնամությամբ չեն պաշտպանի անընդհատ ներկայի վերածվող անորոշությունից։ Լավ մարդկանց վատ մարդիկ կսպանեն ծեծելով, լավ մարդիկ կմեռնեն սեփական անկողնում տակի վատ հարևանի գազի պայթյունից, լավ մարդկանց վատ մարդիկ կվարկաբեկեն ու կսարքեն չոլի ուղտ։ Եվ ինչ-որ կերպ տիեզերական հավասարակշռությունների մասին իրենց մշուշոտ պատկերացումներում տեղավորվող լավի ու վատի, չարի ու բարու մասին պատկերացումները արդարացնելու և կյանքը հնարավոր դարձնելու համար լավ մարդիկ կմտածեն նոր կռուտիտներ ու նոր մխիթարություններ առ այն, որ մեկ է, ինչ-որ լինում է, ուրեմն բարին այդ է։ Եվ միայն մի հարց բաց կմնա, թե որտեղից, որտեղից մարդուն էդքան հիմնավոր ինքնավստահություն իր անձի կարևորության և իր արարքների, կյանքի ու աշխարհի ինչպիսին լինելու մասին։
Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից: