Երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, «Երազարտ» ծրագրի սան Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition): Բացի այդ, դաշնակահարուհին հատուկ մրցանակ է ստացել՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։ Այս անգամ օնլայն ձևաչափով կայացած մրցույթի ժյուրիի անդամներն իրենց հիացմունքն են արտահայտել տաղանդավոր երաժշտի կատարողական վարպետության և արտիստիզմի վերաբերյալ։
Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 22 երկրի 400-ից ավելի երաժիշտ։ Ամեն տարի փառատոնն անցկացվում է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում՝ համախմբելով աշխարհի ամենատաղանդավոր երաժիշտներին և նպաստելով նրանց մասնագիտական զարգացմանը։ Մրցույթի նպատակներից է նաև նպաստել մշակութային փոխանակությանն ու հայտնաբերել երիտասարդ տաղանդներին։
«Մեզ համար մեծ հպարտություն է, որ Եվա Գևորգյանը ևս մեկ հաղթանակ է գրանցում միջազգային ասպարեզում։ Տաղանդավոր դաշնակահարուհին միշտ բարձր է պահում հայ կատարողական դպրոցի անունն ամենահեղինակավոր հարթակներում։ Մեծ ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ վերջերս Գևորգյանը ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ՝ մեծանուն մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Ոչ բոլոր արտիստներն են արժանանում նման պատվի»,-նշում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Երազարտ» ծրագրի ղեկավար Արման Պադարյանը։
Տեղեկացնենք նաև, որ Եվա Գևորգյանն այժմ պատրաստվում է մասնակցել Ֆ․ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին, որն ավանդաբար անցկացվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Այն համավարակի պատճառով հետաձգվել է, և կանցկացվի 2021 թվականին։