Աշխարհազորի ստեղծման նպատակը հասարակությանը պատրաստելն է ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելուն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի է պատրաստվում աշխարհազոր ստեղծելով։
«Աշխարհազորի ստեղծումը որևէ ձևաչափով լայնամասշտաբ պատերազմի պատրաստվելու համար չէ»,–ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով` Հայաստանի շուրջ առկա ռիսկերի, ինչպես նաև հարևան երկրների հայտարարությունների պարագայում, միայն ՀՀ գործող զինված ուժերի ռեսուրսները կարող են բավարար չլինել:
Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` նախարարը նշեց, որ իրավիճակը կայուն է և կանխատեսելի։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնց համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում:
Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ:
Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որը պատերազմի ժամանակ ի զորու կլինի հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանել երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները: