Պանդեմիան ամենամեծ հարվածը հասցրել է շինարարության, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներին. տնտեսագետ
Advertisement 1000 x 90

Պանդեմիան ամենամեծ հարվածը հասցրել է շինարարության, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներին. տնտեսագետ

Կորոնավիրուսի պանդեմիան մեծագույն հարվածը հասցրել է նախ՝ շինարարության ոլորտին, երկրորդը՝ մեծածախ և մանրածախ առևտրի, երրորդը՝ անշարժ գույքի հետ կապված գործարքների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքով՝ այս երեքը միասին գեներացնում են 6 ամսվա ընթացքում համախառն ներքին արդյունքի 5.71 տոկոսի անկման գրեթե 3.2 տոկոսը։

«Ճգնաժամը հայտնվել է այդ ոլորտներում: Կարծում եմ՝ լրջագույն անկում կա նաև տուրիզմի ոլորտում, և այդ անկման ազդեցությունն ավելի երկար ժամանակ է լինելու»,- ասաց Ջրբաշյանը։ Տիգրան Ջրբաշյանն ընդգծեց, որ այստեղ կարևորագույն հարցը, որը պետք է լուծի պետությունը, կապիտալ ծախսերի իրականացնումն է։

«Ամենամեծ խնդիրը, որն այսօր գոյություն ունի տնտեսության մեջ և, որը շարունակվել է այս տարվա ընթացքում՝ ծառայությունների ոլորտում առկա 78.4 տոկոս ինդեքսն է՝ առանց առևտրի։ Շինարարության ոլորտում, ունենք խնդիրներ, սակայն վերջին ամիսների ընթացքում այդ ոլորտն առաջանցիկ վերականգնողական փուլում է: Խնդիրն այն է, որ մենք ունեցել ենք խայտառակ իրավիճակ՝ ապրիլ-մայիս ամիսներին։ Արդյունաբերական ծավալի խնդիր նույնպես կա, հիմնականում այն կապված է բազայի հետ, քանի որ նախորդ տարի հուլիսին Թեղուտի աշխատանքների վերականգնումը բերեց բավականին մեծ աճ»,- նշեց Ջրբաշյանը։