Մեկդարյա պատմություն ունեցող թեմին շնորհավորելու և թեմակալ առաջնորդին երախտիքի խոսքն ուղղելու համար Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետի խորհրդականն ու օգնականը այցելել են Շիրակի թեմ։
Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, մարզպետը, շնորհավորելով թեմակալ առաջնորդին, ընդգծել է, որ եկեղեցին այն կարևորագույն հենասյուներից է, որով ամուր է մեր պետականությունը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ նշել է, որ այս բարդ և դժվարին տարում շատ կարևոր է պատկան մարմինների ուշադրությունն ու համագործակցությունը։
Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը ստեղծվել է 1920 թվականի սեպտեմբերի 4–ին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոնդակով։ Սկզբնական շրջանում թեմն ընդգրկում էր այժմյան Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը, ինչպես նաև Արագածոտնի մարզի որոշ շրջաններ։
Նույն թվականի նոյեմբերի 5-ին կաթողիկոսը Ալեքսանդրապոլի փոխանորդ Արտակ վարդապետ Սմբատյանին նշանակում է Շիրակի թեմի առաջին առաջնորդ։
Թեմի առաջնորդությունը հաջորդաբար վարել են Արտակ եպիսկոպոս Սմբատյանը, Աշոտ եպիսկոպոս Շախյանը և Իսահակ եպիսկոպոս Տեր-Միքայելյանը։
Խորհրդային իշխանության կողմից եկեղեցահալած քաղաքականության արդյունքում 1938 թվականին Շիրակի թեմում բաց էր մնացել միայն առաջնորդանիստ Յոթվերք եկեղեցին։
1990 թվականին թեմից անջատվեցին Տավուշն ու Լոռու մի հատվածը, իսկ 1996 թվականից ի վեր՝ Շիրակի թեմը սահմանափակվեց միայն Շիրակի մարզի տարածքով։
1999 թվականին Գարեգին Բ կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ նշանակվեց Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանը։ Վերջինս 2001 թվականին ձեռնադրվեց եպիսկոպոս և հաստատվեց որպես Շիրակի թեմի առաջնորդ։
Առաջնորդը խորին շնորհակալությունն է հայտնել մարզային իշխանություններին կարևորելու և այս պատմական օրը ևս մեկ անգամ արժևորելու համար։