Սիրուշոն օգոստոսի 28-ին մասնակցել է Լեհաստանի Ժեշով քաղաքում տեղի ունեցած «Wschód Kultury 2020» փառատոնի գալա համերգին, որը հեռարձակվել է Լեհաստանի ազգային հեռուստատեսությամբ (TVP), ինչի մասին NEWS.am STYLE-ն արդեն հայտնել է իր ընթերցողներին: Մեզ հետ զրույցում երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանը նոր մանրամասներ է հաղորդել երգչուհու շրջագայության վերաբերյալ:
«Լեհաստանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող այս պետական փառատոնն իրականություն է եւ իրական է նաեւ ամենատարբեր երկրների սիրված ու ճանաչված արտիստների մասնակցությունը, ովքեր կարողացան ներկայացնել սեփական երկիրն ու երաժշտությունը` անգամ COVID- 19-ով պայմանավորված աշխարհում ստեղծված իրավիճակին։
Սիրուշոյի մասնակցությունը վերոնշյալ փառատոնին այս բարդ ու «փակ սահմանների» ձեւաչափում իրականություն է դարձել Լեհաստանի պետական մարմինների` հատկապես Մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարության եւ փառատոնի կազմակերպիչների մեծ ջանքերի շնորհիվ։ Բացառության կարգով Սիրուշոյին եւ թիմին ճամփորդելու եւ սահման հատելու համապատասխան թույլտվություն է հատկացվել»,-նշեց երգչուհու մենեջերը՝ հավելելով.
«Փառատոնի ընթացքում հատկապես տպավորիչ էր, երբ լեհ տաղանդավոր երգչուհի Անիա Դաբռովսկան Սիրուշոյի հետ հայերենով կատարել է վերջինիս հեղինակային «Հուհ-հահ» երգը, իսկ Սիրուշոն առաջին անգամ լեհերեն է ներկայացրել երգչուհու սիրված ստեղծագործություններից մեկը` «Porady Na Zdrady»: Ելույթները չափազանց բուռն եւ ջերմ ընդունելության են արժանացել լեհ հանդիսատեսի կողմից։
Փառատոնի անակնկալներն այդքանով չեն սահմանափակվել։ Սիրուշոն նաեւ ելույթ է ունեցել լեհ լեգենդ Քրիստոֆ Քուգովսկիի հետ` կրկին լեհերեն կատարելով նրա հայտնի երգերից մեկը` տեղի Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ»։
Մենեջերի խոսքով՝ Սիրուշոն չի դադարեցրել նաեւ «Արմատ»-ի նկարահանումները, որոնք շարունակվել են Լեհաստանում.
«Փառատոնին զուգընթաց Լեհաստանում շարունակվել են նաեւ «Արմատ» ծրագրի նկարահանումները, որոնք ներառվելու են հաղորդաշարի նոր եթերաշրջանում»,-հավելեց նա: