Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան, սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային: Այս մասին տեղեկացրին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից:
«Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները` նրանք ովքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման իրավունք ունեն մուտք գործելու երկիր, այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու` այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում։ Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը»,- նշված է հաղորդագրության մեջ: