Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը գտնվում էր արձակուրդում և հանգստյան օրերին նա ընտանիքի հետ այցելել էր Գեղարքունիքի մարզ։ Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Մարտունիում Փաշինյանը ընտանիքի հետ այցելել է «Ասպ» հեծյալ ակումբ։
«Ասպ» հեծյալ ակումբի հիմնադիր Տիգրան Բաղիշջանյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մոտավորապես գլխի էր ընկնում, որ հնարավոր է վարչապետը այցելի. «երբ զանգերից հետո եղավ այցելություն, հասկացա, որ պարոն վարչապետն է գալու և շատ ուրախացա»։
«Այդ օրը կարծես թե երջանիկ օր էր, ևս մեկ ընտանիք կար մինչև պարոն վարչապետի այցը, իրենց ճանապարհեցինք ու դիմավորեցինք պարոն վարչապետին՝ ընտանիքի հետ»,- ասաց Բաղիշջանյանը։
Անդրադառնալով այցի ընթացքում վարչապետի հետ ունեցած զրույցին ու քննարկված թեմաներին՝ նա նշեց. «Ես, որպես մարտունեցի, որպես հայ մարդ, ինձ համար շատ հաճելի էր, որ վարչապետը, առանց այն էլ ծանրաբեռնված լինելով, որովհետև աշխատանքային չէր, բայց երկրի վարչապետ լինել նշանակում է շատ պարտականություն և պատասխանատվություն, ինքը ժամանակ էր գտել գալ, ճիշտ է օգտվել, բայց նաև հետաքրքրվել, իմանալ այն հնարավորությունները, որն ունի իմ հիմնած բիզնեսը, հետաքրքրվել, թե ինչով կարող է ինքն օգնել, իսկ դա գոնե բարոյական առումով մեծագույն աջակցություն է և դա արդեն շատ բան ասող քայլ էր։ Այս տարի իմ բիզնեսում որևէ խնդիր չկա, որովհետև այս տարի տուրիստ չկար, բայց ինչպես ասում են, դա ոչ միայն իմ գլխով է, այլ ամբողջ աշխարհի, և ես, ինչպես մյուսները, համբերությամբ սպասում եմ, որ մյուս տարի հուսանք, որ ավելի լավ կլինի»։
Նա նաև նշեց, որ գումարը չի ցանկացել վերցնել, բայց վարչապետը վճարել է.«Ես ուզում էի գումարը չվերցնել, ասում էի դա պարզապես հյուրասիրություն է, բայց վարչապետը պարտադրեց, որ անպայման գումարը վերցնեմ, որովհետև մատուցվել էր ծառայություն և ինչպես պարոն վարչապետն ասաց պարտադիր պետք է վերցվի այդ գումարը, որովհետև առանց դրա բիզնեսը չի կարող գոյատևել»։