Հայաստանում վերջին 24 ժամում արվել է համավարակի սկզբից մինչև օրս ռեկորդային՝ 3518 թեստավորում . թեստերի նման մեծ թիվը պայմանավորված է նաև նրանով, որ դպրոցներում դասերի մեկնարկին ընդառաջ թեստավորում են անցնում ուսուցիչները: «Արմենպրես»-ի հետ զրույցում թեստավորումների նման մեծ թիվը սրանով պայմանավորեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը վկայում է, որ ամենամեծ թվով թեստավորումները մինչև այժմ եղել են օրական 1864, 1038, 2329, 2166, 2363, 1892: «Թեստավորումների թվի ավելացումը պայմանավորված է նաև նրանով, որ ուսուցիչներն են թեստավորվում: Պետք է հասցնեն մինչև դասերի սկսվելը թեստավորվել»,-ասաց խոսնակը:
Թե օրական քանի ուսուցիչ է թեստավորվում, կախված է նրանից, թե քանի հոգի է անհրաժեշտ թերթիկով այցելում պոլիկլինիկա: Կան ռիսկային խմբում ուսուցիչներ, որոնք չեն գնալու աշխատանքի: Թեստավորումը ուսուցիչների համար ֆինանսական ծախս չի առաջացնի, անվճար է:
Ի դեպ, արդեն մի քանի օր է, ինչ թեստավորում է իրականացվում նաև հայկական արտադրության թեստերով: Զուգահեռ արվում է նաև խոցելի խմբերի՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց թեստավորում:
Հայաստանի հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից:
Հայաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45152 դեպք, որոնցից 41023-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2945 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3518 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 224559 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 905 դեպք:
Աննա Գրիգորյան