Արդեն մի քանի օր է հայաստանյան քաղաքական դաշտում հերթական «փոթորիկն» է։ Պատճառը պաշտոնապես անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի թիմակից Գարիկ Ղազարյանի հայտնի գրառումն է, որով ըստ ամենայնի, հնարավոր է որ բացահայտվում է Ապրիլյան քառօրյայի հանգամանքները քննող պառլամենտական հանձնաժողովի՝ գաղտնի համարվող փաստաթղթերի փաթեթից ինչ որ մաս։
Հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը բավական կոշտ է արձագանքել, Ղազարյանին անվանելով «ֆեյսբուքյան բայղուշ»։ ԼՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ ահազանգել է գաղտնի տեղեկությունների հնարավոր արտահոսքի հետ կապված։ Թե ինչու օրինակ, ենթադրաբար գաղտնի տեղեկության արտահոսք պետք է լիներ, դժվար է ասել, սակայն հնարավոր է, որ իշխանությունները Արման Բաբաջանյանի գաղափարակից Գարիկ Ղազարյանի միջոցով փորձում են թիրախավորել Անդրանիկ Քոչարյանին կամ էլ հեղինակազրկել «էս գլխից» Ապրիլյան քառօրյայի հանձնաժողովին, որի զեկույցը, ըստ մամուլի հրապարակումների, նույնիսկ իշխանականներն են խոստովանել, որ ոչնչացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված բոլոր այն միֆերը, որոնք ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը օգտագործել է սեփական քաղաքական դիվիդենդներն ավելացնելու համար։
Իրականում իշխանությունները Անդրանիկ Քոչարյանին թիրախավորելու կամ նրա գլխավորած հանձնաժողովը, դրանով նաեւ՝ զեկույցը էս գլխից հեղինակազրկելու հիմքեր ունեն։ Ի վերջո, Անդրանիկ Քոչարյանը մի քանի հարցարզույցներում, կապված Ապրիլյան քառօրյայի հետ, իրեն պահել է «բավական ճիշտ» եւ ոչ թե ըստ իշխանության այդ պահի քիմքին համապատասխան, այսինքն՝ եղել է ինքնուրույն։ Իշխանության համար սա լուրջ հարց է։ Քոչարյան Անդրանիկը եղել է ՊՆ տեղակալ, Վազգեն Սարգսյանի կողքին աշխատած մարդ, ինչպես կասեին՝ «Գրաչյով տեսած, 95-ի հրադադարի կնքման պատմական պահերը ապրած մարդ», հին գվարդիայի ներկայացուցիչ, ով ունի անշուշտ լավ հոտառություն թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական՝ ռեգիոնալ եւ գեոքաղաքական մասով եւ այս ամենի համատեքստում նրա՝ բավական ինքնուրույն պահվածքը եւ հանձնաժողովի պատրաստած զեկույցի բովանդակությունը, գոնե այնքանով, որքանով հայտնի է մամուլի հրապարակումների, ըստ որոնց՝ նույնիսկ Մոսկվային «կպնող» բան չկա, կարող է իշխանական էշելոններում ինչ-ինչ դավադրական հարցերի առիթ տված լինի, ու հիմա որոշել են ամեն կերպ հարվածել եւ Քոչարյանին եւ հանձնաժողովին եւ գաղտնի զեկույցը, որի միայն մի փոքր մասը հնարավոր է բացվի հասարակության համար, բայց որը փաստում է արդեն նիկոլական «պեճադով»՝ Ապրիլյան քառօրյայի հերոսականությունն ու Ապրիլյան քաոօրյայի մասով եղած միֆերի սնանկությունը։