ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գնալու ժամանակն է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գնալու ժամանակն է. armeniasputnik.am

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ` սեպտեմբերի 16-ին` ժամը 14։30-ին, Ազգային ժողովում քննարկվելու է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի փոխանցմամբ` իրենք մշակել էին հարցապնդում, հետևաբար, մինչև գարնանային նստաշրջանի ավարտն այն արդեն իսկ մուտքագրել էին ԱԺ կանոնակարգ–օրենքի համաձայն և սպասում էին, որ ամառային նստաշրջանի սկզբում հարցը կքննարկվեր։

Ըստ Եղիազարյանի` եկել է պահը, որ ԱԺ–ում արդեն քննարկվի Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը։

«Այս ընթացքում Արայիկ Հարությունյանի գործունեության առթիվ այլ հարցերով վերստին ակտիվացան բողոքները, նույնիսկ առաջ են եկել նոր հարցեր, որոնք ժամանակին մեր հարցապնդման մեջ ներառված չէին։ Այդ բողոքները վերաբերում են կորոնավիրուսի ժամանակաշրջանում ի հայտ եկած այն խնդիրներին, որոնք առնչվում են, օրինակ, ընդունելության քննություններին, դպրոցների հաճախելիությանը և այլ հարցերին։ Այդ ամենը գումարվեց ամբողջ գործընթացին, ինչը մենք սեպտեմբերի 16-ին կներկայացնենք համապարփակ ձևով` ի լրումն այն հարցերի, որոնք նախապես ներառել էինք անվստահություն հայտնելու հարցապնդման մեջ»,– նշում է ԱԺ պատգամավորը։

Անդրադառնալով նաև ակցիա կազմակերպելու իրենց կոչին` պատգամավորը տեղեկացրեց, որ հաշվի առնելով բողոքի ալիքի ընդգրկելիությունն ու ամբողջ բնակչության շրջանում առաջացած ընդհանուր կարծիքն Արայիկ Հարությունյանի գործունեության վերաբերյալ, ԼՀԿ–ն, որպես պառլամենտական ուժ և պաշտոնապես գործընթաց սկսած կուսակցություն, հանդես է գալիս կոչով և առաջարկում  իրենց տեսակետները կիսող քաղաքացիներին սեպտեմբերի 16-ին, երբ ԱԺ–ում կքննարկվի ԿԳՄՍ նախարարի անվստահության հարցը, զուգահեռաբար ակցիա անցկացնել և նույն պահանջով հավաքվել խորհրդարանի շենքի մոտ։

Եղիազարյանը խոսեց նաև «Իմ քայլից» Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու մասին։

Վերջինս հայտարարել էր, որ իր հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Արմեն Եղիազարյանի կարծիքով` գուցե իշխանական խմբակցությունում նույնպես դժգոհ են եղել Արայիկ Հարությունյանի գործունեությունից, սակայն զուտ քաղաքական նկատառումներով դա ցույց չեն տվել։

«Արսեն Ջուլֆալակյանն ավելի մեծ կամք ունեցավ ու չկարողացավ աչք փակել այդ ամենի վրա, քանզի ճանաչելով Արսեն Ջուլֆալակյանին, որի հետ բազմիցս քննարկել ենք տարաբնույթ հարցեր, կարող եմ ասել, որ Ջուլֆալակյանը սպորտի կարկառուն ներկայացուցիչներից է, լավ տիրապետում է այդ ոլորտի խնդիրներին, հետևաբար, ավելի ակնառու է տեսնում, թե ինչ է տեղի ունեցել այդ բնագավառում և չի ցանկանում այլևս մաս կազմել մի գործընթացի, որտեղ գրացվում է ռեգրես»,– նշում է պատգամավորը։

Արմեն Եղիազարյանի պնդմամբ`ԼՀԿ–ն  երբեք որևէ խնդիր անձնական դաշտում չի դիտարկում, այլ դա անում է քաղաքական մակարդակով, հետևաբար, անձնական մղումները բացառում է` նշելով վերջին ժամանակահատվածում Արայիկ Հարությունյանի ղեկավարած գերատեսչության աշխատանքների արդյունքները, որոնք «Լուսավոր Հայաստանը», մեղմ ասած, գնահատում է անբավարար։

armeniasputnik.am



Նման նյութեր