Պեսկովը խոսել է սահմանների բացումից և ասել` որն է խնդիրը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Պեսկովը խոսել է սահմանների բացումից և ասել` որն է խնդիրը. armeniasputnik.am

Ոչ մի երկիր շահագրգռված չէ փակ սահմանների և ավիահաղորդակցության բացակայության իրավիճակը երկարացնելու հարցում, սակայն կորոնավիրուսի համավարակը շարունակվում է։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս կարծիքն է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ տարածաշրջանի լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

Նշենք, որ արդեն ավելի քան 10 օր է` Հայաստանի քաղաքացիները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ իշխանություններից պահանջելով ՌԴ-ի հետ սահմանների բացման վերաբերյալ բանակցություններ սկսել։ Նրանք «Ռուսաստան եմ ուզում գնալ» կոչի ներքո ավտոերթ են իրականացրել, ինչպես նաև մի քանի բողոքի ցույց՝ կառավարության և Ազգային ժողովի շենքերի դիմաց։

Ակցիայի մասնակիցներն աշխատանքային միգրանտներ են, ինչպես նաև ռուսաստանցի հայերի ընտանիքի անդամներ, որոնք եկել են Հայաստան և համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ։

«Շատ դեպքերում, որքան գիտեմ, ռուսական կողմը պատրաստ է վերականգնել ավիահաղորդակցությունը, ուղիղ հաղորդակցությունը, բայց որոշ երկրներ առայժմ իրենք պատրաստ չեն և համարում են, որ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը դեռևս գերազանցում է թույլատրելի նորմերը։ Որոշ երկրներ էլ մեր տեսանկյունից են ռիսկի խմբում են։ Ոչ ոք շահարգրգռված չէ, որ այս իրավիճակը երկարացվի, բայց համավարակը, ցավոք, շարունակում է քայլել մեր մոլորակով, համավարակն ավարտված չէ»,-ասել է Պեսկովը։

Չնայած տնտեսական վատ հետևանքներին, բոլոր քայլերը բխում են Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունից, իսկ ներկա պահին կորոնավիուրասային իրավիճակը մտահոգիչ է։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել սահմանների բացումը՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը:  Նա դիմել էր Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են մեկնել ՌԴ`նշելով, որ կառավարության նիստի ժամանակ հայտարարվել է ԵԱՏՄ տարածքում ավիահաղորդակցության վերականգնման հարցի քննարկման մասին։

«Քննարկվելու են նաև թեստավորում կազմակերպելու և քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը։ Բոլոր հարցերի հստակեցման արդյունքում էլ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն»,-նշել է նա:

Գևորգյանը նաև շեշտել է, որ ՀՀ կառավարությունն օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել: Դրանք կիրառել և հիմա էլ դեռ շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ հաշվի առնելով Հայաստանի համաճարակային իրավիճակը:

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանը կանոնավոր ավիահաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցություն դեռևս չի գործում, սակայն չարտերային թռիչքներ իրականացվում են: Վրաստանի տարածքով և դեպի Վրաստան ցամաքային փոխադրումներ չեն իրականացվում․պատճառներից մեկն այն է, որ այդ երկիրը պատրաստվում է հոկտեմբերի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների։

armeniasputnik.am