Հայաստանի հարևան Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը բարդանում է, երկիրը Covid-19- ի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին» , 6 խոշոր քաղաքներում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվում է, մտցվում են նոր սահմանափակումներ՝ զանգվածային միջոցառումների անցկացման հետ կապված: Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանը Covid-19- ի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին»: Եթե հուլիսի սկզբին Վրաստանում հարյուր հազար բնակչի հաշվով նոր դեպքերի ցուցանիշը 0,7 էր, ապա այսօր այն կազմում է 10,2: Սկսվում է «դեղին» նախազգուշական գոտին , երբ հարյուր հազար բնակչի հաշվով վարակվածների ցուցանիշը 10-ից 30 է:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 87 դեպք:Վեց խոշոր քաղաքներում ՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Զուգդիդիում և Փոթիում, ուսումնական տարվա սկիզբը հետաձգվել է երկու շաբաթով ՝ մինչև հոկտեմբերի 1-ը: «Դա մեզ պետք է, որպեսզի առկա ռիսկերը ճիշտ գնահատենք: Դրա համար համաճարակաբանների հետ մեզ երկու շաբաթ է պետք: Դրանից հետո մենք լրացուցիչ որոշումներ կկայացնենք երեխաների հետ կապված »,- ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Առնվազն երկու շաբաթ ՝ սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 1-ը, դպրոցականներն ու ուսանողները Վրաստանում հեռակա կսովորեն: Ավելի վաղ ուսումնական տարվա սկիզբը հետաձգվել էր մինչև հոկտեմբերի 1-ը Բաթումիում և Քոբուլեթիում , որոնք դարձել էին երկրում համաճարակի հիմնական օջախը:
Կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով Վրաստանում մտցվում են մի շարք սահմանափակումներ: «Ритм Евразии»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես, թատրոնների և կինոթատրոնների, ինչպես նաև մանկական ժամանցի կենտրոնների բացումը, որը նախատեսվում էր սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 1-ը, հետաձգվում է առնվազն մեկ ամսով ՝ մինչ նոյեմբերի 1-ը: Կառավարությունը արգելում է կազմակերպել և անցկացնել այնպիսի զանգվածային սոցիալական միջոցառումներ, ինչպիսիք են հիշատակի արարողությունը, հարսանիքը, տարեդարձի և այլ տոնակատարությունները: Եթե ավելի վաղ այդ միջոցառումները թույլատրվում էր անցկացնել միայն բաց տարածքներում, և արգելքը շարունակում էր գործել փակ ռեստորաններում և դահլիճներում, ապա սեպտեմբերի 10-ից այդ սահմանափակումը տարածվելու է նաև բաց տարածքների վրա:
Ինչ վերաբերում է մշակութային և սպորտային միջոցառումներին, ապա դրանք թույլատրվում են միայն բաց տարածքներում, նման միջոցառումների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 200 հոգին:
Վրաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 1917 է, որից մահացել է 19 մարդ, առողջացել 1354-ը, ակտիվ դեպքերի թիվը 544 է: