Հավանաբար նկատել եք, որ որոշ գույներ ձեզ ավելի շատ են սազում, քան մյուսները։ Ճիշտ ընտրված նրբերանգները ձեր աչքերն ավելի վառ են դարձնում, իսկ մաշկը՝ ավելի երիտասարդ ու պայծառ։ Յուրաքանչյուր ոճաբան գիտի, որ հաջող զգեստ ընտրելու և գեղեցիկ դիմահարդարում անելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ գույնի տիպը։ Այդպես հնարավոր է հասկանալ, թե որ գույնի զգեստներն են ձեզ սազում և դիմահարդարման ընթացքում որ գույները կարող են ընդգծել ձեր գեղեցկությունը։ Marketium.ru կայքը գրում է, որ ձեր գույնի տիպը հասկանալը կտևի ընդամենը 10 րոպե։
Քայլ առաջին. հասկացեք՝ գույների տա՞ք, թե՞ սառը տիպին եք պատկանում
Թեստ տոնային կրեմով
Դեմքի մի հատվածին վարդագույն տոնային կրեմի բարակ շերտ քսեք, մյուսին՝ դեղին։ Հավասարաչափ տարածեք և հասկացեք, թե դրանցից որն ավելի բնական տեսք ունի, որը՝ ոչ։ Եթե ձեր բնական գույնը վարդագույնն է, նշանակում է՝ դուք պատկանում եք գույների սառը տիպին, եթե դեղինը, դուք պատկանում եք գույների տաք տիպին։
Թեստ ոսկով կամ արծաթով
Ոսկեգույն և արծաթագույն թել կամ թուղթ վերցեք և այն դրեք դեմքին։ Ուշադրություն դարձրեք, թե որ թելն է ներդաշնակ արևայրուք չընդունած ձեռքի ներսի մաշկի հետ։ Դուք միանգամից կնկատեք, որ նրբերանգներից մեկով մաշկն ավելի գեղեցիկ տեսք ունի։ Ավելի համոզված լինելու համար կարող եք թելը դնել դեմքին և հասկանալ, թե որ գույնն է մաշկին ավելի շատ սազում։ Եթե ձեզ համապատասխանում է արծաթագույնը, ուրեմն դուք պատկանում եք գույների սառը տիպին, եթե ոսկեգույնը՝ գույների տաք տիպին։
Թեստ երակների գույնով
Նայեք դաստակին և որոշեք երակների գույնը։ Եթե այն մոտ է կանաչին, ապա դուք պատկանում եք գույների տաք տիպին, եթե մոտ է կապույտին, ապա պատկանում եք գույների սառը տիպին։
Գույների սառը տիպը համատասխանում է ամռանն ու ձմռանը, իսկ տաքը՝ գարնանն ու աշնանը։
Քայլ երկրորդ։ Հասկացեք՝ բա՞ց, թե՞ մուգ տիպին եք պատկանում
Սա շատ հեշտ է հասկանալ՝ կախված ձեր մազերի և աչքերի բնական գույնից։
Սառը գույներ
մուգ մազեր և աչքեր՝ ձմեռ
բաց մազեր և աչքեր՝ ամառ
Տաք գույներ
մուգ մազեր և աչքեր՝ աշուն
բաց մազեր և աչքեր՝ գարուն
Խնդիրը կարող է մի փոքր բարդանալ, երբ դուք մուգ մազեր ունեք և կապույտ աչքեր։ Այս դեպքում ընտրեք ամենավառ բնութագրիչը։
Որ գույներն են ձեզ համապատասխանում
Ձմեռ
Ընտրեք հիմնական վառ գույները։ Սևը, սպիտակը, կապույտը, կարմիրը և վառ վարդագույնը համապատասխանում են ձեզ։ Գերադասելի է խուսափել պաստելային գույներից։ Աշխատեք այնպես անել, որ հագուստում մաքսիմում երեք գույներ լինեն։ Սա գունային միակ տիպն է, որին համապատասխանում են կոնտրաստային գույները, ինչպես, օրինակ, սպիտակն ու սևը։ Աքսեսուարներ ընտրելիս պետք է զուսպ լինել։ Ձեր մետաղն արծաթն է։
Ամառ
Ձեզ համապատասխանում են վարդագույնի և կապույտի պաստելային, նուրբ երանգները։ Բեժը, նուրբ մանուշակագույնը, մարմնագույնը ևս հարկավոր է հաճախ օգտագործել։ Խուսափեք մաքուր գույներից՝ սպիտակ, սև, նանջագույն։ Ձեզ սազում են զարդերն ու տարբեր աքսեսուարները։ Գերադասելի է ընտրել արծաթն ու պլատինը։
Աշուն
Ձեզ համապատասխանում են ոսկեգույն երանգները՝ բեժ, նարնջագույն, ոսկեգույն, մուգ շագանակագույն։ Խուսափեք կապույտի երանգներից։ Կարող եք համադրել տարբեր գույներ, տարբեր տեսակի զարդեր և աքսեսուարներ։
Գարուն
Ձեզ համապատասխանում են տաք գույները՝ շագանակագույն, արծաթագույն, դեղին։ Ձեզ առհասարակ չեն համապատասխանում սևն ու ապիտակը։ Խուսափեք շատ աքսեսուարներից և զարդերից։ Ձեր մետաղը ոսկին է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը