Հայաստանում առկա կորոնավիրուսային հիվանդության պատճառով հաստատված կարանտինային պայմաններում` պահպանելով հակահամաճարակային կանոնները, սեպտեմբերի 14-ին առաջին դասարանցիները գնացին դպրոց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փոքրիկները դպրոց են այցելել միայն մեկ ծնողի ուղեկցությամբ:
Հաստատություն մուտք գործելուց առաջ բոլորը ջերմաչափվում են, ախտահանվում ձեռքերը:
Դպրոցները պետք է վարեն աշակերտների ջերմաչափման մատյան։ Մատյանում գրանցվելու են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։ Բարձր ջերմաստիճան ունեցող սովորողները մեկուսացվելու են դրա համար հատկացված սենյակում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, այդ մասին տեղյակ է պահվում ծնողը կամ օրինական ներկայացուցիչը և տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական կազմակերպությունը։
Օրվա ընթացքում անձնակազմը և սովորողները պետք է ապահովվեն անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռահար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։
Դպրոցի ներսում սովորողների շարժը կազմակերպվելու է այնպես, որպեսզի բացառվեն կուտակումներն ու սերտ շփումները: Հարկից հարկ տանող աստիճանների մի մասով սովորողները պետք է բարձրանան, իսկ մյուս մասով՝ իջնեն այնպես, որ միմյանց չհանդիպեն: Դպրոցը պետք է ապահովի տեղաշարժի գծանշումը համապատասխան տարածքներում։ Այն դեպքում, երբ նշվածը հնարավոր չէ, դպրոցը նշանակում է հերթապահներ, ովքեր կկարգավորեն սովորողների տեղաշարժը:
Դպրոցում սովորողները պարտադիր պետք է դնեն դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության:
Սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում՝ կդադարեցվի տվյալ դասարանի աշակերտների դպրոց հաճախումը 14 օրյա ժամկետով՝ կապ հաստատելով Առողջապահության նախարարության հետ:
Սեպտեմբերի 15-ից դպրոց կհաճախեն նաև մնացած բոլոր դասարանների աշակերտները:
Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան