Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 12-ին մասնակցել է Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում անցկացված Գեորգենի հայկական արվեստի հոբելյանական 10-րդ փառատոնին: Այն կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության ղեկավար Լասլո Կուլչարի նախաձեռնությամբ: Ռումինիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ միջոցառմանը մասնակցում էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և հյուրեր հունգարախոս հայ կաթոլիկ համայնքից:
Փառատոնի բացման մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին Մխիթարյան միաբանության աբբահայր Ստեփանոս Ակոնց-Կյովերին (1740-1824թթ.) նվիրված հուշատախտակի մոտ: Դեսպան Մինասյանն ընդգծել է նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը Տրանսիլվանիայի հունգարախոս հայ համայնքի ինքնության պահպանման և պատմական Հայրենիքի հետ կապերի խորացման գործում:
Այդ համատեքստում, դեսպանը նաև ընդգծել է քույր քաղաքների և մարզերի միջև սերտ համագործակցության հաստատումը, հիշատակելով 2019թ. Հարգիտա նահանգի և Գեորգենի քաղաքի պատվիրակության այցը Լոռվա մարզ:
Շարունակելով իր խոսքը՝ դեսպան Մինասյանը կարևորեց, որ դարեր շարունակ կտրված լինելով Հայաստանից, Տրանսիլվանիայի հունգարախոս հայ կաթոլիկ համայնքը շարունակում է ապրել Հայաստանի հաջողություններով ու մարտահրավերներով, ինչի վառ ապացույցն էր 2020թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ժամանակ պատմական Հայրենիքին նրանց ցուցաբերած բարոյական աջակցությունը: