SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել Շիրակի մարզի Սարապատ համայնքի Սալուտ բնակավայրի բնակիչ Վահան Մինասյանից, ով հայտնել է, որ այսօրվանից դադարեցվել է իրենց գյուղի աշակերտներին հարեւան համայնքում գտնվող դպրոց տեղափոխող միկրոավտոբուսի գործունեությունը, ինչի պատճառով իրենք պատրաստվում են 3 գյուղերի ծնողներով իրենց երեխաներին չուղարկել դպրոց, քանի որ ճանապարհը գնալ գալով շուրջ 12 կմ է:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Վ, Մինասյանն ասաց. «Մարզպետարանը տարիներ շարունակ մեր երեխեքին Գազել է տրամադրել, որ աշակերտներին Գազելը հավաքելով 6 կմ տաներ դպրոց, հետո հավաքեր, հետ բերեր գյուղեր՝ 3 գյուղի աշակերտների: Բոլոր ծախսերը մարզպետարանն էր հոգում։ Հիմա Գազելի փողը չեն փոխանցել, երեխեքն էլ ստիպված պետք է 6 կմ ոտքով գնան, դպրոց հասնեն, այդքան էլ հետ գան:
Դպրոցը Մուսայելյան գյուղում է, այդտեղ են գնում Սալուտ, Վարդաղբյուր և Հարթաշեն գյուղերից: Այսօրվանից հանվել է տրանսպորտը, գցել են ծնողների վրա, թե՝ փող հավաքեք, Գազելին վճարեք, թող տանի երեխեքին, բայց մենք եկել, սարի գլխին ապրում ենք, ու փաստորեն էս կորոնայի ընթացքում էլ ամեն օր երեխեն 6 կմ պետք ա գնա, որ հասնի դպրոց: Ամենափոքր երեխեն 4-րդ դասարան է, մեշոկով գիրք են տվել, որ էդ երեխեն 6 կմ գնա դպրոց, իր վրա վիճակ չի մնա, ողնաշարի գրիժա կստանան երեխեքը»:
Վ. Մինասյանի խոսքով՝ իրենց դպրոցից ասել են, թե մարզպետարանը չի լուծում խնդիրը: Բնակչի խոսքով՝ տվյալ համայնքերի աշակերտների տրանսպորտի խնդիրը լուծվել է Շիրակի նախկին մարզպետ, ներկայումս Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի ջանքերով, ինչը փաստորեն, ներկա դրությամբ, գրչի մեկ հարվածով վերացրել են. «Հիմա մենք պահանջում ենք, որ կամ մարզպետարանը թող վերականգնի տրանսպորտը, շարունակի վճարել Գազելի վարորդին, կամ էլ իրենք չեն պատրաստվում երեխաներին դպրոց ուղարկել»: