Գեղաքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում Ճամբարակի համայնքապետարանի եւ Եվրոպական Միության միջոցներով «Քաղաքացու բյուջե» ծրագրի շրջանակում մեկնարկեց «Պլեներ–2020» երիտասարդական փառատոնը, որին մասնակցում էին ավելի քան հինգուկես տասնյակ 18–30 տարեկան նկարիչներ Հայաստանի Հանրապետության ութ մարզից, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից եւ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջից:
Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, ժամանման պահին յուրաքանչյուր մարզի նկարիչների խմբի անդամները ջերմաչափվել եւ գրանցվել են համապատասխան գրանցամատյանում, տեղաբաշխվել նախօրոք պատվիրված հարմարավետ հյուրատներում եւ, հանգստանալուց հետո, մասնակցել քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած գեղանկարչական փառատոնի բացման արարողությանը: Յուրաքանչյուր մարզ հանդես է եկել տարածքին բնորոշ ուտեստներով, բերքուբարիքով, բազմաբնույթ ձեռքի աշխատանքներով: Նկարիչները մասնակցել են «Ճամբարակն իմ աչքերով» խորագիրը կրող պլեներին: «Ճամբարակի գեղատեսիլ բնության յուրաքանչյուր անկյունում կարող էիր տեսնել մի նկարչի, ով սիրով անմահացնում էր հրաշալի բնության անկրկնելի գեղեցկությունը: Երեկոյան՝ խարույկի շուրջ, նկարիչները շարունակում էին ծանոթությունը երգ-երաժշտության հնչյունների տակ:
Հաջորդ օրը նկարիչները մեկնեցին կանաչապատ Դպրաբակ համայնք, որտեղ վաստակաշատ նկարիչ Լեւոն Խաչատրյանի կողմից վարպետաց դասեր անցկացվելուց եւ համապատասխան թեմաներ ստանալուց հետո շարունակվեց գեղանկարչությունն արդեն այս կուսական գեղեցկության միջավայրում: «Պլեներ-2020» երիտասարդական փառատոնի փակման արարողության ժամանակ կազմակերպվեց «Ճամբարակն իմ աչքերով» գեղանկարչության բացօթյա ցուցահանդես, որտեղ ցուցադրվում էին մասնակիցների ստեղծած գեղանկարները: Փեառատոնն անցավ ջերմ մթնոլորտում, եւ բոլոր մասնակիցներին տրվեցին Ճամբարակի համայնքապետի ու «Գետիկի հովտի զարգացման կենտրոն» ՀԿ-ի տնօրենի պատվոգրեր ու հավաստագրեր: Չորս գեղանկարներ ճանաչվեցին որպես լավագույն աշխատանքներ, եւ հեղինակներին հանձնվեցին պատվոգրեր ու նվերներ՝ Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետից Վահե Բաղումյանին, Ճամբարակի համայնքապետարանից Աննա Մալխասյանին, Ճամբարակի Էդ. Ղուլյանի անվան գեղարվեստի դպրոցից Մարիամ Միրզոյանին եւ «Գետիկի հովտի զարգացման կենտրոն» ՀԿ-ից Միքայել Ղազարյանին: Ճամբարակի համայնքապետարանի ներկայացացուցիչը շնորհակալություն հայտնեց գեղանկարչության բնագավառի յոթ ճամբարակցի ուսանողների, որոնք, որպես կամավոր, իրենց օգնությունն ու աջակցությունն էին ցուցաբերել փառատոնի կազմակերպչական աշխատանքներին: Հուսով ենք, որ Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ եւ մարզպետարանի հետ համատեղ այս նպատակային եւ ուսանելի փառատոնը կդառնա ամենամյա, եւ հաջորդ տարի եւս Ճամբարակն իր գիրկը կընդունի հանրապետության երիտասարդ նկարիչներին»,- նշեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից:
Խոսրով Խլղաթյան