Ինչպե՞ս է անցնելու սեպտեմբերի 21-ն այս տարի
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է անցնելու սեպտեմբերի 21-ն այս տարի

«ՀՀ Անկախության օր» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, թե ինչպես է այս տարի նշվելու սեպտեմբերի 21-ը:

«Արդեն ասել ենք, որ վիրտուալ, հիմա մի քիչ ավելին պատմենք: Առաջին ալիքի եթերն այդ օրն առավոտյան 11:15-ից լցվելու է բոլոր այն խորագրերով, որոնք արդեն ներկայացրել ենք: 11 տարբեր համերգ է սպասվում` նկարահանված Հայաստանի ամենաանսպասելի վայրերում: Լսելու եք Նարեկ Հախնազարյանի ելույթը [Աժդահակի գագաթից], Ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Բամբիռի», Արամ MP3-ի, «Գեղարդ» երգեցիկ խմբի, Նորայր Քարտաշյանի ու «Մենուա» բենդի [Երերույքի տաճարից], Իվետա Մուկուչյանի, Գյուրջիև անսամբլի, Հայկ Մելիքյանի [Սարդարապատից] կատարումները, ինչպես նաև տեսնելու եք Կարինի պարը: Համերգների մյուս վայրերը կարող եք փորձել գուշակել կամ պատկերացնել:

Այս ամենից բացի, իրենց ողջյուններն են փոխանցելու մեր սահմանը պահող տղերքը, իրենց փորձով են կիսվելու ինչպես այն մարդիկ ու թիմերը, որոնք հաջողության են հասել հայրենիքում, այնպես էլ բոլորի հարգանքը վայելող այն հայերը, որոնք իրապես գիտեն անկախության նշանակությունը։ Բացի այդ, եթերում կլինեն երիտասարդ դերասաններ, որոնք Վանաձորից կբեմականացնեն անկախության տարիներին գրված տողերը, իսկ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայտնի հայերը կմիանան սպասված գալա համերգին՝ հայկական ստեղծագործություններ կատարելով: Եվ վերջում՝ ինչ Անկախության օր առանց Մեր Հայրենիքի. «Մեր հողերը» խորագրի շրջանակում թռչնի թռիչքի բարձրությունից կբացահայտենք հայկական ճարտարապետության, մշակույթի ու բնության գեղեցկությունը:

Այս ամենը եթերում կլինի 7 ժամվա ընթացքում, այնպես որ ազատեք ոչ աշխատանքային երկուշաբթին ու պատրաստվեք դիտելու վիզուալ ամենահետաքրքիր եթերներից մեկը»,- ասվում է հայտարարության մեջ: