Շատ շուտով արկածային, սպորտային և էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար Շիրակի մարզը հրաշալի նոր հնարավորություններ կառաջարկի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ Գյումրու N 23 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի մարզադահլիճում մասնակցեցին զբոսաշրջային գույքի ներկայացման և տեղեկատվական հանդիպմանը՝ նվիրված Շիրակի մարզում նոր զբոսաշրջային ծառայությունների զարգացմանը՝ լեռնային հեծանվային արահետների և ջրային մարզաձևերի օգտագործման միջոցով։
Գույքը տրամադրվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում՝ Շիրակի մարզպետարանի և «Շիրակը մեր տունն է» ՀԿ-ի հետ եռակողմ համագործակցության արդյունքում։
Ծրագրի նպատակն է համախմբել շահագրգիռ կողմերին՝ Շիրակի գրավչությունը նոր զբոսաշրջային ծառայությունների միջոցով ներկայացնելու ու Շիրակ այցելող մարդկանց էկո նշանակության ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է նախաձեռնությունը կարևորելով, որ մարզում տուրիզմը պետք է զարգանա բոլոր ուղղություններով, այդ թվում և էքստրեմալ տուրիզմը: Շիրակի մարզպետը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու ոլորտի կայացմանը և զարգացմանը:
Արմենուհի Մխոյան