Որոշել էի երբեք լրջորեն չքննարկել Նիկոլի որեւէ ասածը՝ խոսքերի բացարձակ կեղծության, ստի շատ մեծ չափաբաժնի պատճառով, բայց նրա «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» հոդվածը յուրահատուկ է, քանի որ ունի դիագնոստիկ նշանակություն։
Այստեղ մեծ անկեղծություն նկատեցի, «կրուտիտը», որ առաջին նախագահի թեթեւ ձեռքով բարձրացվեց սիլլոգիզմի փիլիսոփայական կատեգորիայի, այստեղ ոչ միայն նոր մակարդակի վրա է դրսեւորվում, այլեւ զգացվում է, որ Նիկոլն արդեն հավատում է իր տարածած տրամաբանական կեղծիքներին։
Հոդվածի հիմնական պնդումն այն է, որ ինքը ճիշտ է, քանի որ կարողացել է վերցնել իշխանությունը։ Եվ հոդվածագիրը չի ծանրանում այն հարցի վրա, թե դրանից հետո ինչ է արել, կամ ինչ է անելու։ Այսինքն, ըստ Նիկոլի, քաղաքականության իմաստը իշխանությունը վերցնելն է, իսկ իշխանության նպատակը երկրորդական է։ Հիրավի, անկեղծ պնդում է, որը բացահայտում է նրա վարած քաղաքականության մեթոդաբանությունը։
Դրությունը չի փրկում նաեւ որպես մարտավարություն ներկայացվող «իշխանության գործունեության տրամաբանության մեջ չափազանց վտանգավոր [է] ․․․ «ճիշտ» քայլերի փնտրտուքը [ինչը] կարող է կաթվածահար անել իշխանությունը եւ ի վերջո՝ նաեւ երկիրը», քանի որ շատ որոշումներ պարզապես չեն կայացվում, ինչպես, օրինակ՝ ԵՊՀ ռեկտորի նշանակումը, Ամուլսարի խնդիրը, եւ այլն, եւ նման արձանագրումը պարզապես կամայական որոշումների իրավունքի հայտարարություն է, այսինքն՝ էլի «կրուտիտ» է, էլի սուտ է։
Սա իր կուսակիցներին հասցեագրած կարեւոր ուղերձ է, դրանով նա իր թիմին «դուխ» է տալիս, հիշեցնում է, որ ներկա դիրքով իրեն են պարտական, նաեւ՝ քանի որ ճիշտ են, ապա այդ իշխանության հետ ինչ կուզեն, կանեն։
Սակայն երբ Նիկոլը չի բավարարվում իր կուսակիցների շրջանակում այդ մտքերը տարածելով, իսկ ներկուսակցական լսարանի համար պատրաստած ճառը ներկայացնում է լայն հանրությանը, հասկանում ես, որ սա լոկ իր կուսակիցներին ուղղված խոսք չէ, այլ իր համոզմունքը, որ եթե կարողացել է իշխանությունը վերցնել, ապա ինքը ճիշտ է։
Իսկ սեփական ստին, սեփական «կրուտիտին» հավատալը իր մեջ ախտաբանություն ունի։
Աղասի Ենոքյանի ֆղասիեյսբուքյան էջից