«Մեծ պարոն» Մանթաշյանցի և «պարապ» Թումանյանի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մեծ պարոն» Մանթաշյանցի և «պարապ» Թումանյանի մասին

Մի օր երիտասարդ մի լրագրող հարցում էր անցկացնում ԱՄՆ օդանավակայններից մեկում: Նա մոտենում էր մարդկանց և հարցնում. «Ի՞նչն է ձեր կարծիքով կյանքում ամենատհաճ բանը»:

Մարդիկ տալիս էին տարբեր պատասխաններ՝ մեկը նշում էր պատերազմը, մյուսը՝ դավաճանությունը, երրորդը՝ աղքատություն, չորրորդը՝ հիվանդությունները և այլն: Հանկարծ, լրագրողը նկատում է արևելյան վանականի հագուստով մեկին ու որոշում է նրան տալ նույն հարցը:

Վանականը, լսելով հարցը, տալիս է հակադարձ հարց.

-Իսկ ո՞վ եք Դուք:
-Ե՞ս, ես Ջեյմս Նորթոնն եմ:
-Դա Ձեր անունն է, բայց ո՞վ եք Դուք:
-Ես հեռուստալրագրող եմ:
-Դա Ձեր մասնագիտությունն է, բայց ո՞վ եք Դուք:
-Ես մարդ եմ… բավարարվա՞ծ եք,- վանականի հարցերի իմաստը չհասկանալով՝ զայրանում է լրագրողը:
Իսկ վանականը հանգիստ տոնով շարունակում է.
-Դա Ձեր կենսաբանական տեսակն է, բայց ո՞վ եք դուք:
Լրագրողն էլ ոչինչ չի կարողանում պատասխանել․
-Ախր ես Ձեզ չեմ հասկանում․․․Պարզ հարց տվեցի․ միթե՞ դժվար է ասել։
Վանականը ժպիտով պատասխանում է․
– Ես արդեն տասը րոպե է պատասխանում եմ Ձեր հարցին․Ահա՛ ամենատհաճ բանն այս կյանքում՝ երբ չգիտես, թե ով ես դու․․․

Ժամանակի ու պատմության գումարը միշտ էլ հավասար է եղել առեղծվածի, որովհետև՝ «Պատմությունը գրել են հաղթողները»։
Բայց կա ավելի զորեղ երևույթ, չգրված օրենք, Անտես մի Աչք, որն անպայման, վաղ թե ուշ, ամեն մեկի ապրածն ու արարածը ջրի երես է հանում, և յուրաքանչյուրն է արժանանում նրան, ինչ «վաստակել էր»։

Մանթաշովի մասին ամենահակասական կարծիքներ կան՝ բարերարի խորհրդանիշ, լայնահոգի ու համեստ, բայց, արի ու տես, թե ի՞նչ կարծիքի էր նրա մասին Լոռվա Դսեղի Մանուկը․․․
Ահա թե ինչպիսի վկայություն է հասել մեզ, հայտնի հասարակական գործիչ, Ավետիս Ահարոնյանի որդուց՝ գրող, իրավաբան, մանկավարժ Վարդգես Ահարոնյանից․

«Երբ Մանթաշովին ծանոթացրեցին Թումանյանի հետ, մեծապատիվ պարոնը նրան հարցրեց․
(Մանթաշով – Թումանյան զրույցը)

-Ի՞նչ գործով ես զբաղվում։
-Գրում եմ։
-Գրու՞մ ես. Ուրեմն գրագիր ես, ու՞մ կանտորումն ես ծառայում։
-Կանտորում չեմ ծառայում։
-Կանտորում չե՞ս ծառայում, բա որտե՞ղ ես գրում, ի՞նչ ես գրում:
-Հեչ, հենց էնպես, ինձ համար բանաստեղծություններ եմ գրում, գիրք եմ շինում։
-Հաա՜, հասկացա՜, ուրեմն պարապ ես եղել, դե էդպես ասա, տո հեր օրհնած։

Թումանյանը խիստ վիրավորվում է մեծապատիվ պարոնի «բարձր դիրքի» խոսելուց։
Մանթաշովը իր իսկ խոստովանական զրույցների մեջ ասում է, որ ինքը երազում էր՝ թե ե՞րբ որդին «մարդ կդառնա»։
Ցոփ ու շվայտ կյանքով ապրող երիտասարդն իսկական հիասթափություն էր հոր համար, և «ասա պարապ ես» արտահայտությունն ասվում էր մի մարդու, ով չքավորության պատճառով, նույնիսկ բարձրագույն ուսում չուներ՝ ամեն ինչի հասել էր ինքնակրթությամբ։

Ասվում էր Թումանյանին, ով իր չորսը արու զավակներին «մատաղ» արեց Բերիային ու սովետական կարգերին․

Ավագ որդին՝ Մուշեղ Թումանյանը, 1937 թ-ին, Թումանյանի մահից արդեն տարիներ անց, Խորհրդային իշխանությունների կողմից կձերբակալվի և կաքսորվի Սիբիր, որտեղ էլ կզոհվի:

Մուշեղից հետո, մյուս որդին՝ Արտավազդ Թումանյանը, իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ, նա մեկնել էր Արևմտյան Հայաստան և 1918 -ին, 24 տարեկան հասակում, զոհվել Վանում: Արտիկի, ինչպես նրան հայրն էր կանչում, նահատակությունը մեկընդմիշտ ընկճել էր Թումանյանին և մեծապես արագացրել նրա մահը:

Արտավազդից հետո, երրորդ որդին՝ Համլիկ Թումանյանը, նույնպես, հոր մահից հետո, 1937 -ին, Խորհրդային ռեժիմը կձերբակալի ու կգնդակահարի նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրն ու վայրը:

Համլիկից հետո, չորրորդ որդին՝ Արեգը Թումանյան, դարձյալ 1937-ին, կաքսորվի խորհրդային ռեժիմի կողմից և 1939 -ին կգնդակահարվի: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման, Արեգի մասունքների վայրն էլ անհայտ կմնա հարազատներին: Հենց Արեգն էլ, հոր դիահերձումից հետո, «գողացել» էր հոր սիրտն, ու Թումանյանի սիրտը քսան երկար տարիներ պահվել էր իրենց տանը՝ տարայի մեջ։

Մանթաշովը կմեռնի ոսկիների մեջ, ու նրան, համաձայն կտակի, կթաղեն կնոջ կողքին (նա մահացել էր մեկ տարի առաջ)՝ Վանքի եկեղեցական համալիրում՝ իր իսկ կողմից կառուցված մատուռ-դամբարանում։ Ավելի ուշ,1938-ին, այն ժամանակվա Անդրկովկասի տեր ու տիրական, նույն Լավրենտի Բերիայի կարգադրությամբ, կքանդեն ու հողին կհավասարեցնեն Վանքի եկեղեցական համալիրի շինությունները, և Մանթաշովի գերեզմանը հավետ կկորի Թբիլիսիի սովետական փոշու տակ։

Իսկ «պարապ կանտորշիկ» Թումանյանի սիրտը դեռ զարկում է ու զարկում մինչ օրս․․․

Քչերին հայտնի այս պատմությունը նաև՝ Ահարոնյանի հուշերից, որ Մանթաշովին քաղաքավարի ապտակելու պատրվակով, նրանց հանդիպումից տարիներ անց, Թումանյանը կգրի «Պոետն ու Մուսան»․

Ես էն եմ ասում, թե մեր աշխարհում
Պոետները ողջ տըխրել են, ցավել,
Որ իրենց երգի քընար ես տըվել․․․
Ես էլ․․․ ի՞նչ ասեմ․․․ մեղավոր եմ ես,
Ծույլ ու անշընորհք. անպետք, սևերես․․․
Մեր խեղճ տանըցիք ո՜րքան նախատում―
Բայց ես՝ միշտ համառ, չէի հավատում,
Մինչև լըսեցի մի մեծ պարոնի,
Մեր մեջ շատ խելոք ու շատ անվանի։
Մի օր ինձանից արավ հարցուփորձ.
– Ունի՞ս, հարցրեց, մի պաշտոն կամ գործ։
– Բանաստեղծ եմ ես, հայտնեցի հըպարտ։
-Դըժվար է, ասավ, երբ անգործ է մարդ։
– Բանաստեղծ եմ ես, կըրկնեցի մեկ էլ։
-Հասկացա՜նք, ասավ, պարապ ես եղել․․․
Եվ խեղճ ընկերըս երբ որ՝ սըրտացավ՝
Սա էլ պետքական մի մարդ է, ասավ,
Էնպես ծիծաղեց մեր աղան փառփառ,
Որ և հասարակ և մեծ վեհափառ,
Ով որ իմացավ, ծիծաղը պըրծավ։

Մանթաշովի փարիզյան հայտնի, աննախադեպ թանկ եկեղեցի կառուցելու ֆոնին էլ հենց, Թումանյանը գրել էր․

Աստծու բանտն են տաճարները՝ աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։
Հարկավ` ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին։

Ու թե որն էր նրանցից ամեն մեկի դերն այս աշխարհում և հենց իրենց իսկ կյանքում, թերևս արդեն կպատասխաներ հեռուստալրագրող Ջեյմս Նորթոնը․

Թումանյանը գիտեր ինքն ով է, Մանթաշովի մասին՝ թող խոսի ժամանակը․․․

Թումանյանն ու նրա որդիները։
Վերից վար ու մեծից փոքր՝ ըստ տարիքի
Մուշեղ Թումանյան
Արտավազդ Թումանյան
Համլիկ Թումանյան
Արեգ Թումանյան

М.Э.М էջից