Հարյուր և ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով, պարգեւատրվող բուժաշխատողների թվում են նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի բաց նամակին՝ ուղղված վարչապետին և նախագահին:
Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար մի շարք բուժաշխատողների պարգեւատրման առաջարկություն։ «12 բուժաշխատողներ ներկայացվել են պետական պարգեւի սեպտեմբերի 21-ին, իսկ 100 եւ ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով։ Նշեմ, որ պարգեւատրվող բուժաշխատողների թվում են նաեւ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները»,-ասաց խոսնակը: