Թոքերի քաղցկեղը կարելի է կասկածել ձեռքերի վիճակից. մասնագետներ
Advertisement 1000 x 90

Թոքերի քաղցկեղը կարելի է կասկածել ձեռքերի վիճակից. մասնագետներ

Ձեռքերի մատներն ու եղունգները կարող են շատ բան պատմել մարդու թոքերի վիճակի մասին, հայտնում են Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետները:

Ինչպես հայտնում է Новости Mail.RU-ն, այս բացահայտումը կարող է շատ կարևոր դեր խաղալ, քանի որ վաղ փուլերում շատ դժվար է հայտնաբերել թոքերի քաղցկեղը: Քաղցկեղի այս տեսակի բնորոշ ախտանիշներն են` հազը, կրծքավանդակի ցավը, խորխը։ Խռխռոցները սովորաբար հայտնվում են բավական ուշ, երբ բուժումն արդեն անարդյունավետ է:

Հայտնի է, որ թոքերի քաղցկեղի զարգացման ֆոնին օրգանիզմում կարող են արտադրվել հորմոնանման քիմիական միացություններ, որոնց ազդեցությամբ ավելի շատ արյուն և հեղուկ է մղվում դեպի վերջույթները, հատկապես դեպի մատների ծայրերի հյուսվածքները: Սա կարող է հանգեցնել մատների մեծացման կամ հաստացման:

Հետևաբար, մատների ծայրերի լայնացումը, խոշորացումը, հաստացումը կարող է թոքերի թաքնված քաղցկեղի կարևոր ախտանիշ լինել: Ինչ վերաբերում է ձեռքերի եղունգներին, ապա դրանց շուրջ չափազանց փայլուն մաշկը նույնպես կարող է տագնապալի ախտանիշ լինել: Բացի այդ, եթե կողքից նայեք եղունգներին, դրանք կարող են ոչ նորմալ ուռուցիկ լինել․ այս ախտանիշը նույնպես արժանի է ուշադրության:

Հարկ է հիշել, որ թվարկված ախտանիշները միշտ չէ, որ վկայում են թոքերի քաղցկեղի զարգացման մասին: Դրանք կարող են լինել նաև թոքերի քրոնիկ ինֆեկցիաների կամ սրտի արատի նշաններ, որոնք, միևնույն է, պահանջում են մասնագետների ուշադրությունը:

med.news.am