Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր կառավարությունը ավելի քան 31 մլն դրամ է հատկացրել «Կրի՛ր, որ կրենք» կարգախոսով պաստառների տպագրության, տեղադրման և գովազդային արշավի հետ կապված այլ ծախսերի համար։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով վարչապետի աշխատակազմի՝ մեկ անձից կատարված գնումները։
Վարչապետի աշխատակազմը այս ամիսների ընթացքում «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» խորագրով գովազդային արշավի համար միայն 12,6 մլն դրամի գնում է կատարել «Աութդոր Էֆեկտ» ՍՊԸ գովազդային գործակալությունից։ Օրինակ՝ սեպտեմբերի 15–ին կնքված պետական գնման պայմանագրի համաձայն՝ 3.678.000 դրամի դիմաց հիշյալ ընկերությունը պարտավորվել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում տեղադրված 40 գովազդային վահանակների վրա առնվազն մեկ ամիս ժամկետով ցուցադրել «Կրի՛ր, որ կրենք» խորագրով գովազդային պաստառները։
Նշենք, որ հիշյալ ընկերությունը վարձակալությամբ տնօրինում է նաև Երևանի հասարակական տրանսպորտի կանգառներում տեղադրված կանգառասրահները և կանգառանշանները։
Կառավարությունը ընդհանուր առմամբ 5,9 մլն դրամ էլ հատկացրել է «ԻՄԻՋ Մ.Գ.» գովազդային գործակալությանը մարզերում դիմակ կրելու թեմայով գովազդային վահանակների տեղադրման համար։ Եվս 3,3 մլն դրամ էլ հատկացվել գովազդային ծառայություններով զբաղվող երեք այլ ընկերությունների՝ «Եվրո Ստուդիո» ՍՊԸ–ին, «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ–ին և «ԷԳԱ» ՍՊԸ–ին։
COVID–19–ի կանխարգելման նպատակով իրականացվող գովազդային արշավի շրջանակներում պաստառների ձևավորման և տպագրության համար վարչապետի աշխատակազմը 3,2 մլն դրամ հատկացրել է «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ–ին, և 2 մլն 700 հազար դրամ էլ՝ Ա/Ձ Նոննա Իսաջանյանին՝ գովազդային արշավի կազմակերպման նպատակով լուսանկարչական ծառայությունների մատուցման համար։
Նշված բոլոր գնումները կատարվել են ոչ մրցակցային եղանակով, այլ կերպ ասած՝ մեկ անձից, թեև նման ընթացակարգով գնումները պետք է իրականացվեն բացառիկ դեպքերում։