«Հրապարակ». Ծառուկյանը չի վախենում կալանքից, միայն թե դա լինի որդու հարսանիքից հետո
Advertisement 1000 x 90

«Հրապարակ». Ծառուկյանը չի վախենում կալանքից, միայն թե դա լինի որդու հարսանիքից հետո

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում երեկ սկսվեց ու հետաձգվեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը։ Փաստաբանները պատճառաբանեցին, որ պատշաճ չեն ծանուցվել։ Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին։

Ծառուկյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դատավորին ինքնաբացարկ ներկայացնել. ասում են, որ դրա համար բազում հիմքեր ունեն, և գլխավոր հիմքն այն է, որ այս նիստը կարող էր առնվազն մեկ շաբաթ առաջ տեղի ունենալ, սակայն նախաքննության մարմինն ամեն ինչ արել է, որ սանկցիայի քննությունը համընկնի Մնացական Մարտիրոսյանի հերթապահությանը։

Մեր աղբյուրներն ասում են, որ բոլոր իշխանությունների հավատարիմ դատավոր Մացոյի հետ անձամբ ԱԱԾ պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն է աշխատում։ Իսկ երեկ մի արտառոց փաստ էլ է գրանցվել. Գագիկ Ծառուկյանի՝ 25-ի նիստին մասնակցելու ծանուցագիրը ոչ թե ոստիկանությունն է տեղ հասցրել, այլ՝ ԱԱԾ աշխատակիցները, որոնք Ծառուկյանին առձեռն են հանձնել՝ Առինջում։ Ստացվում է՝ նիստերն ապահովելու հարցն անթաքույց իրականացվում է նախաքննության մարմնի կողմից։

Ծառուկյանի մերձավոր շրջապատից, սակայն, վստահեցնում են, որ ԲՀԿ առաջնորդը չի վախենում կալանքից, միայն թե դա լինի որդու հարսանիքից՝ հոկտեմբերի 3-ից հետո։ Երեկ, մինչ դատարանը քննել է Ծառուկյանի կալանքի հարցը, վերջինս այցելել է Գեղարդ, ու երբ թիմակիցները զանգել տեղեկացրել են, որ նիստը հետաձգվել է, ասել է, որ երազում էր տեսել, որ պիտի գնա Գեղարդ՝ մոմ վառի։ Ի դեպ, եթե կալանքի սանկցիան տան, հարսանիքը, ըստ ամենայնի, կհետաձգվի»։



Նման նյութեր