Ադրբեջանական հատուկ ծառայությունները «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» կեղծ փաստաթուղթ են շրջանառում սոցիալական ցանցերում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում հրապարակված «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթղթի շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, հարկ է համարում իրազեկել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում, քանի որ նշված փաստաթուղթը կեղծ է։
Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է էժանագին միջոցներով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում:
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում նմանատիպ տեղեկություններ տարածելուց, անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ: