Խարկովի մարզում Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանումը հայտնվել է տեսախցիկի տեսադաշտում։ Կադրերը Facebook–ի իր էջում է հրապարակել Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն։
Տեսագրությունում երևում են Ան-26–ի թռիչքի վերջին վայրկյաններն ու պայթյունը։
Սեպտեմբերի 25-ի երեկոյան Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռ ուսումնական թռիչքի ժամանակ ընկել է Չուգուև քաղաքի մերձակայքում։ Օդանավում 27 մարդ է եղել` 20 կուրսանտ և անձնակազմի 7 անդամ։ Նրանցից 25-ը տեղում մահացել են, կուրսանտներից 2-ը կարողացել են դուրս թռչել ինքնաթիռից, բայց նրանցից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։
Քրեական գործ է հարուցվել թռիչքների և դրանց նախապատրաստման կանոնները խախտելու մասին։ Աղետի մի քանի վարկած է դիտարկվում` անձնակազմի սխալ, տեխնիկական անսարքություն, ինքնաթիռի տեխսպասարկման հետ կապված խնդիրներ և թռիչքների կառավարման պատասխանատուների կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարում։
Ուկրաինայում սգո օր է հայտարարվել։