Հարգելի՛ հայրենակիցներ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների այս օրերին համացանցում նկատվում են տարաբնույթ հայտարարություններ Արցախի Հանրապետության համար առաջին անհրաժեշտության դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու վերաբերյալ:
Մեծապես կարևորելով մեր հայրենակիցների համանման մղումներն ու նրանց կողմից ցուցաբերվող ակնհայտ հայրենասիրությունը՝ հայտնում ենք, որ նմանատիպ նախաձեռնություններն անհրաժեշտ է բացառապես իրականացնել պետական կառույցների համակարգմամբ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համացանցում նկատվում են նաև հայտարարություններ տարբեր զորամասերի զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ:
Նման ծառայություններ առաջարկող անձանցից պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից, իսկ այդպիսի հարցադրումներ ունեցող անհատներին հորդորում ենք հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով բացառապես դիմել իրավասու պետական մարմիններին: Հակառակ պարագայում հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար: