ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանում ելույթի ժամանակ ցուցադրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ընկած հրթիռներից մեկի բեկորը՝ նշելով, որ մեր դեմ պատերազմում են հանցագործ Թուրքիան և Ադրբեջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Աբովյանը նշեց, որ հանցագործ են բոլոր նրանք, ովքեր զենք են կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ:
«Սա այն մեծ տրամաչափի հրթիռներից մեկի մի մասն է, որով այսօր հրթիռակոծվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ քաղաքները: Այս բեկորը գտել եմ Ստեփանակերտի ծննդատան մոտ, այսօր այսպիսի բազմաթիվ հրթիռներ են կիրառվում Արցախի խաղաղ բնակչության դեմ: Հանցագործ են բոլորը, որոնք որևէ տեսակի զենք են կիրառում խաղաղ բնակչության դեմ: Մեզ հետ պատերազմում է ահաբեկչական Թուրքիան և ահաբեկչական Ադրբեջանը: Սա այն ուղեգիրն է, որը պետք է այդ երկու հանցագործի առջև բացի Հաագային միջազգային տրիբունալի դռները: Չեմ կասկածում, որ թե՚ Ալիևը, թե՚ Էրդողանը կստանան իրենց արժանի պատիժը»,- ասաց Աբովյանը:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի գործընկերները հասկանում են` եթե այսօր չկանգնեցնեն այդ ահաբեկիչներին, ապա այդ ահաբեկիչները կհայտնվեն Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Իրանում և այդպես շարունակ:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:
Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:
Նորայր Շողիկյան