Վերջերս սերիալներից մեկում առաջին անգամ հանդես եկա ավելի համարձակ կերպարով. Իվետա Եդիգարյան. asekose.am
Advertisement 1000 x 90

Վերջերս սերիալներից մեկում առաջին անգամ հանդես եկա ավելի համարձակ կերպարով. Իվետա Եդիգարյան. asekose.am

Դերասանուհի Իվետա Եդիգայանը երկարատև դադարից հետո  վերջերս հանդես եկավ «Ազիզյաններ» սիթքոմում: Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ ճշտելու, թե ինչպես եղավ առաջարկն, ու արդյոք նրա մասնակցությունը շարունակական բնույթ կկրի:

«Առաջարկը եղավ Հայկ Մարությանի կողմից, որը ես մեծ սիրով ընդունեցի: Նկարահանվեցի ու զգացի, որ շատ հաճելի մթնոլորտ էր՝ հաճելի մարդկանցով: Միգուցե «Ազիզյաններ»  սիթքոմում կերպարս շարունակական չլինի, բայց հետագայում այդ թիմի հետ հնարավոր է կրկին համագործակցություն լինի: Միմյանց հետ աշխատելը հաճելի էր թե  ինձ, թե նրանց, քանի որ շատ գոհ էին իմ կատարած աշխատանքից: Այս պահին հստակեցված պլաններ դեռ չկան»:

Այն հարցին, թե ինչով է այս պահին  զբաղված դերասանուհին, և  ինչ ստեղծագործական նորություններ ունի, Իվետան ասաց.

«Այսօր ստեղծագործական նորություններ չունեմ, աշխատում եմ ակումբներից մեկում, սակայն որպես դերասանուհի այս պահին զբաղվածություն չունեմ: Եթե անկեղծ լինեմ, չունեմ առաջարկներ: Չգիտեմ, թե դա ինչով է պայմանավորված, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ դադարը պետք է, եթե այն շատ երկար չի լինում: Իմ դեպքում այն մի փոքր երկար տևեց, սակայն հույս ունեմ, որ շատ շուտով կլինեմ հեռուստաէկրաններին»:

Այն հարցին` արդյո՞ք որպես դերասանուհի իր առջև ունի դրված տաբուներ Իվետան ասաց, որ սխալ է համարում այն, երբ դերասանը ինչ-որ սահմաններ է ստեղծում:

«Կարծում եմ` դա ոչ պրոֆեսիոնալ է դիտարկվում ռեժիսորի կողմից: Պետք է չմտածես, թե ինչպիսին կերևաս կադրում՝ գեղեցիկ կլինես, թե տգեղ: Պետք է ուղղակի խաղալ ՝ զգալով կերպարդ: Իսկ ինչ վերաբերում է համարձակ ու բաց տեսարաններում նկարահանվելուն, պետք է նշեմ, որ  վերջերս սերիալներից մեկում ես հանդես եկա ավելի համարձակ կերպարով: Դա իմ առաջին փորձն էր, որը կարողացա հաղթահարել դժվարությամբ, բայց բոլոր դեպքերում այն եղավ ստացված: Այդ կերպարը պետք է մարմանավորեր դերասանուհի, չէր կարող ներկայանալ դերասանի կրթություն ու բարդույթներ չունեցող կին: Ես չեմ համարում սխալ բաց տեսարաններում ներկայանալը, եթե դերասանը հասել է այն վիճակին, որ իրեն վստահվել է այդ դերը, ուրեմն պետք է խաղալ՝ հույս ունենալով, որ մի օր կփոխվի հայկական մենթալիտետն, ու կվերանան կարծրատիպերը: Այդ ամենից հետո շատ քննադատվեցի, մարդիկ ասում էին, թե ինչպես կարող եմ նման կերպարով հանդես գալ և այլն»:

Զրույցի վերջում Իվետան խոսեց նաև անձնական կյանքի մասին՝ նշելով, որ այս պահին անձնականում փոփոխություն չկա.

«Ունեմ երկրպագուներ, բայց կողքիս տղամարդ չունեմ:  Զբաղվում եմ երեխայիս խնամքով ու ամբողջովին տրվել եմ աշխատանքիս»:



Նման նյութեր