Չարակամներից պաշտպանում են բույսերը, քարերը և աղոթքը
Advertisement 1000 x 90

Չարակամներից պաշտպանում են բույսերը, քարերը և աղոթքը

Բուժիչ նամակներ

Հին հավատալիքների համաձայն, մարդիկ փշաբույսերն օգտագործում էին որպես հուռութ` «չար աչքից» զերծ պահելու տունը (հակապես աստղափուշը, որը շատերը փակցնում էին տան օճորքին և հավատում, որ այն տիրոջը կպահպանի շառից, փորձանքից և այլն)։ Բայց ես գերադասում եմ այդ նպատակների համար բնակարանում աճեցնել թարմ բույսեր։ Օրինակ, կակտուսը կլանում է էլեկտրամագնիսական ճառագայթները։ Ի տարբերություն այլ բույսերի, այն գիշերով «սպառում» է ածխաթթու գազ` հարստացնելով տան օդը թթվածնով։

Հալվեն (ալոէ) մշակել են արքայական դղյակների մուտքերի մոտ, քանի որ, ըստ հավատալիքի, այն պաշտպանում էր ցանկացած անախորժությունից։ Բույսի հյութով հազարամյակներ շարունակ բուժել են զինվորների մահաբեր վերքերը` Շումերում, Բաբելոնում, Հայասայում, Եգիպտոսում, Ասորեստանում, Վանի թագավորությունում։ (Տե՛ս «168 Ժամ», «Օգտակար և բուժարար հալվեն», 4 նոյեմբերի, 2012թ.)։

Դառնափուշը, նույնն է` դեղնենին (տե՛ս «168 Ժամ», «Դեղնենին` որպես յոդի մատակարար», 26 սեպտեմբերի, 2013թ.), որը նույնպես աճեցնում են խեցամանի մեջ, հարստացնում է բնակարանի օդը յոդով, իսկ փշոտ պտուղները հեռացնում են բացասական էներգիան։

Գիտեմ նաև, որ «հաջողակ» են գունագեղ քարերի շատ տեսակներ։ Այսպես, սիրելի անձից ընծայված ադամանդը կամ ժառանգաբար փոխանցվածը պաշտպանում է տիրոջը վտանգներից։

Ես, օրինակ` ծնվել եմ Այծեղջյուրի նշանի տակ (8 հունվարի), ինձ շատ սրտամոտ և հարազատ քար է օբսիդիանը, որը պահպանում է տունն ամեն տեսակի անհաջողությունից։

Իմ հագուստեղենի մեջ ամենասիրելի գույնն է կապույտը, որը ներշնչել է ինձ մայրիկս։ Դեռևս փոքր տարիքից մինչև իմ հարսանիքը կրել եմ (մայրիկիս ձեռքով կարված) կապույտի բոլոր երանգներով հագուստեղեն։

Հինգ տարեկան հասակում, երբ հսկողությունից դուրս էի գտնվել, ընկել եմ ցամաքած ջրհորի մեջ։ Այսօրվա պես հիշում եմ, որ հագիս «կլյոշ» երկնագույն հագուստ էր։ Երբ ինձ դուրս հանեցին հինգ մետրանոց խորությունից, վրաս ոչ մի քերծվածք էլ չկար։

Նաև լավ է, երբ տանը շատ է ուրախությունը և կենդանի երաժշտությունը։ Դաշնամուրը մանկությունից սկսած մինչ հիմա օգնում է ինձ սթրեսային վիճակի դեպքում։ Իսկ ամենագլխավորն ինձ համար ամենօրյա աղոթքն է. «Տե՛ր Աստված, պահպանիր ինձ և իմ բարեկամներին չար աչքից, նախանձից և փորձանքից»։ (Տպագրվել է ք. Սմոլենսկում, «Лечитесь с нами» ամսագրում, օգոստոս, 2010թ. www. toloka. com)։
Հավատա՞լ նախանշաններին, հուռութներին, թե՞ ոչ։

Բազմադարյան փորձը փոխանցվել է մեկ սերնդից մյուսին` հեքիաթների և ասացվածքների ձևով։ Մարդիկ հավատում էին նախանշաններին, օրինակ` եղանակի վերաբերյալ հետևություն էին անում. «Եթե ծիծեռնակները թռչում են շատ ցածր, ուրեմն եղանակը կփչանա։ Եթե սարդը լքում է իր սարդոստայնը և թաքնվում է ճեղքում, ապա շուտով կանձրևի։ Եթե գորտը կռկռում է ցերեկով, կամ ծխնելույզից դուրս եկող ծուխը ցած է իջնում` դեպի գետին, ուրեմն անձրև կգա»։

Հին հավատալիքները տարեցտարի հավաքված, ժամանակի փորձություն անցած իրողություններ են, որոնք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ և ըմբռնել այս բարդ աշխարհը, լսելով մեր ներքին ձայնին` ինտուիցիային, կարողանանք կանխազգալ իրադարձությունների ընթացքը (տե՛ս «168 Ժամ», «Ուղեղի գաղտնիքները», 21 մարտի, 2013թ.)։

Ավանդաբար մեզ են հասել հմայիլներ, ահա՛ դրանցից մի քանիսը.

Արագիլն ընդունակ է դեպի իրեն ձգել հաջողությունը և լուծել դժվարին խնդիրներ։

Առյուծը պաշտպանում է հիվանդություններից և թշնամիներից։

Կրիան պաշտպանում է վտանգից և անհաջողությունից։

Աչքերը լյարդի հայելին են

Աչքերը ոչ միայն հոգու հայելին են…

Ժողովրդական բուժարարները կարծում են, որ առողջ աչքերը վկայում են ամրակուռ լյարդ ունենալու մասին, իսկ այտուցներն աչքերի շուրջը կարող են առաջանալ սրտի և երիկամների, ինչպես նաև գինեկոլոգիական հիվանդությունների հետևանքով։

Քթի կարմրության մասին

Յուրաքանչյուր մարդ նայելով հայելու մեջ կարող է տեղեկանալ իր առողջական վիճակի մասին։

  • Եթե քթի ծայրամասում հայտնվել են կարմիր բծեր, դա սպիրտային խմիչք օգտագործելու հետևանք չէ (չնայած այդ տարբերակը չի բացառվում), այլ ամենից հավանական է, որ սրտային խնդրի հետ է կապված։
  • Քթի ծայրի կարմրությունը «խոսում» է զգայուն ստամոքսի և 12-մատնյա աղիի վատառողջության մասին։
  • Անգույն կամ սպիտակ քթի ծայրամասը վկայում է արյան վատ շրջանառության մասին։

Զգուշացում։ Իմանալով այս հատկանիշները և ժամանակին ուշադրություն դարձնելով դրանց վրա, դուք կարող եք կանխել զարգացող հիվանդությունը, քանի դեռ այն չի սկսել սաստկանալ։

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Ջուլիետա Սահակյան

Նոյեմբերի 29, 2014

168.am