Վիկտոր Համբարձումյանը գրում է Բյուրականի աստղադիտարանի և դրա հաջողությունների մասին։
Ինձ խնդրում են գիտության մասին պատմել, ուզում են իմանալ, թե ինչով է զբաղվում Բյուրականի աստղադիտարանը: Ճիշտն ասած, կարճ խոսքում դժվար է բացատրել այդպիսի բաներ: Համենայն դեպս, կփորձեմ մի քանի խոսքով ասել, թե ինչով է տարբերվում Բյուրականի աստղադիտարանը աշխարհի մյուս աստղադիտարաններից:
Մեր աստղադիտարանի հաջողությունը պայմանավորված է եղել նրանով, որ մենք չենք աշխատել թեմատիկայի տեսակետից նմանվել ուրիշ, թեկուզ լավագույն աստղադիտարաններին:
Հասկանալով, ոը մեր գործիքային հնարավորությունները սահմանափակ են, մենք որոշեցինք կենտրոնացնել մեր ուժերը փոքր քանակությամբ խնդիրների լուծման վրա: Կանգ աոանք աստղերի փոփոխությունների վրա: Իսկ այդ փոփոխությունները շատ դանդաղ են տեղի ունենում:
Ասենք, թե բնագետներն ուսումնասիրում են մի որևէ միջատի կյանքը: Դա բավական հեշտ է, որովհետև միջատի կյանքը շատ կարճ է տևում և կարելի է նրա կյանքում տեղի ունեցած փոփոխություններն ուսումնասիրել ամբողջությամբ, սկզբից մինչև վերջ:
Մինչդեռ աստղերի մոտ փոփոխությունները հաճախ կատարվում են միայն մի քանի տասնյակ միլիոն տարում: Ուրեմն, մենք կողմնակի կերպով պետք է համոզվենք, որ մեր ուսումնասիրած օբյեկտը գտնվում է փոփոխությունների մեջ:
Մենք սկսեցինք հետզհետե մշակել այդպիսի «կողմնակի» մոտեցման ձևերը ու խորանալ այդ երևույթների մեջ:
Դնելով փոքր նպատակներ, մեզ հաջողվեց հասնել մի քիչ ավելի շատ հաջողությունների: Մենք հայտնագործեցինք աստղասփյուռները, որոնց ուսումնասիրությամբ այժմ զբաղվում են ամբողջ աշխարհի աստղագետները: Մեզ հաջողվեց գալակտիկաների աշխարհում գտնել այն երևույթները, որոնք ապացուցեցին նրանց մեջ տեղի ունեցող փոփոխությունները: Եվ դրանք այնպիսի փոփոխություններ են, որոնք համեմատաբար կարճ ժամանակում են կատարվում: Այդ ժամանակը հա-վասար է մի քանի միլիոն տարվա:
Բյուրականում ուսումնասիրեցինք գալակտիկաների կորիզի պայթյունների երևույթը: Եվ հիմա պետք է ասեմ, որ դարձյալ մեզնից հետո, գալակտիկաների կորիզների պայթյունների վերաբերյալ երևույթները սկսեցին ուսումնասիրել նաև աշխարհի մյուս աստղագետները:
Մենք քայլ առ քայլ խորանում ենք այդ երևույթների մեջ:
Աստղագետի գործը դժվար է: Աստղագետը գիշերը դիտումներ է կատարում, ցերեկը՝ պետք է ուսումնասիրի և մշակի իր դիտումների արդյունքը: Հաջորդ գիշեր նորից պետք է սկսի դիտել: Այսպես է մեզ մոտ: Մարդիկ աշխատում են, որովհետև նրանց հետաքրքրում է ուսումնասիրության առարկան:
Մենք աշխատում ենք նեղ բնագավառում և որոշ գործ արդեն արել ենք: Ամենից առաջ ստեղծել ենք մի հիմնարկ, որտեղ մարդիկ ամբողջությամբ կարող են նվիրվել իրենց գործին: Ստեղծել ենք մի կոլեկտիվ, որը համախմբված է:
Հանճարների դարը վերջացել է: Հիմա կոլեկտիվ աշխատանքի դար է: Գիտությունը զարգանում է համարյա 2000 տարուց ի վեր: Շատ նշանավոր հայտնագործություններ արդեն կատարվել են: Այժմ ավելի և ավելի խորը պետք է թափանցել՝ որևէ հայտնագործություն կատարելու համար: Եվ հիմա միայն ու միայն կոլեկտիվ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ կարելի է կատարել խոշոր հայտնագործություն կամ որևէ շոշափելի արդյունքի հասնել:
Աղբյուր՝ garoun.am