Արցախա-ադրբեջանական սահմանին լայնածավալ պատերազմական գործողությունների 17-րդ օրն է։ Թեեւ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հումանիտար հրադադարի վերաբերյալ համաձայնության էին եկել, այդուհանդերձ իրավիճակը շարունակում է մնալ կայուն-լարված, հակառակորդը չի դադարում թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանն ու հրթիռահրետակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Շենքի ռմբակոծումից հետո ակվարիումի մեջ էս ոսկե ձկնիկը մնացել էր կենդանի։ Միակն էր մնացել»,- պատմում է ստեփանակերտցի Արմենն ու ասում, որ կենդանության այս սիմվոլին տանում է բաց թողնելու՝ որպես երազանքների ոսկե ձկնիկ, տանում է բաց թողնելու ու երազանք պահելու՝ խաղաղության մասին։
Ադրբեջանն այսօր էլ շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ վաղ առավոտից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով առաջնագծի ամբողջ երկայնքով։ Հրետանային զինատեսակներից գնդակոծում են նաեւ խաղաղ բնակավայրերը։
Ավազով լցված պարկերն ու անվադողերը հաճախ պայթյուններից առաջացած բեկորներից պաշտպանվելու միջոց են։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն այսօր՝ հոկտեմբերի 13-ին հայտնել է, որ այս գիշեր էլ անհանգիստ է եղել Ասկերան, Մարտակերտ ու Մարտունի քաղաքներում։ Մարտակերտում մեկ բնակարան է այրվել։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ դեռեւս հոկտեմբերի ութին հայտնած տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, շարքից դուրս է եկել 430 մասնավոր շարժական գույք։
Գրաֆիտի՝ Ստեփանակերտի բակերից մեկում․ «Ես սիրում եմ իմ բակը»։
Լուսանկարները՝ Ավետիս Ավետիսյանի, Infocom.am