Բաց նամակ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին
Advertisement 1000 x 90

Բաց նամակ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին

Հարգարժան պարոն Շարփ,

Սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը օդային և հրթիռային լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ անխնա գնդակոծելով խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Պատերազմի մեկնարկից առ այսօր Ադրբեջանի գործողությունները իրականացվել են Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայից և Լիբիայից ներգրավված վարձկան ահաբեկիչների միջոցով (նրանց ներգրավվածությունն ապացուցված է մամուլի, միջազգային կառույցների և մի քանի պետությունների կողմից) տեղի են ունենում պատերազմական հանցագործություններ ընդդեմ խաղաղ քաղաքացիական բնակչության։

Փաստելով, որ

-Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումները դիտավորությամբ թիրախավորում են խաղաղ բնակչությանը՝ կանանց, երեխաներին, տարեցներին,

-նպատակային հարվածներ են հասցվում քաղաքացիական օբյեկտներին և ենթակառուցվածքներին՝ դպրոցներին, մանկապարտեզներին, բազմաբնակարան շենքերին, հիվանդանոցներին,

-թիրախավորվում են քաղաքացիական տրանսպորտային միջոցները,

-խաղաղ բնակչության դեմ հարձակումները ուղղորդվում են էթնիկ ատելության խոսքով,

-քաղաքացիական բնակչությանը թիրախավորելիս կիրառվում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ (առավել հաճախ՝ կասետային մարտագլխիկներով),

-Էթնիկ և կրոնական ատելությամբ թիրախավորվում են մշակութային և հոգևոր ժառանգությունը, մասնավորապես՝ Շուշիի Սբ․ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ գտնվել են կանայք և երեխաներ։

Արձանագրելով, որ

-այս գործողությունների հետևանքով գրանցվել են քաղաքացիական զոհեր ոչ միայն Արցախում այլ նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանում,

-ագրեսիայի զոհ են դարձել նաև երեխաներ (զոհված և վիրավորված), տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձ (դիվերսիոն խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն),

-իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս հարձակման են ենթարկվել լրագրողական «PRESS» տարբերանշանով և արտահագուստով դեպքերը լուսաբանող լրագրողներ և օպերատորներ (Le Monde պարբերականի 2 լրագրող, 24News.am լրագրող, Armenia TV օպերատորը): Հատուկ թիրախավորվել է նաև նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցը,

-Ադրբեջանը կոպտորեն խախտում է Մոսկվայում հաստատված հրադադարը և շարունակում անպատիժ կրակ բացել Արցախի խաղաղ քաղաքների և գյուղերի վրա՝ պատճառելով մարդկային և նյութական բազմաթիվ կորուստներ,

Համոզմունք հայտնելով, որ

-Մարդու հիմնարար իրավունքները ունիվերսալ սկզբունքներ են, որոնք չեն կարող սահմանափակվել միայն միջազգայնորեն ճանաչված սուբյեկտների սահմաններով,

-Մարդու իրրավունքների պաշտպանությունը պետք է իրագործել առանց նախապայմանների և խտրականության,

Կոչ ենք անում

Որպես ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, օբյեկտիվ գնահատել իրողությունները, չսահմանափակվել միայն դատապարտող կոչերով և ձեռնարկել հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով։

Հարգանքով՝

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան

Հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյան

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՇՈՄԲԻ ՇԱՐՓԻՆՀարգարժան պարոն Շարփ, Սույն թվականի սեպտեմբերի 27-ից…

Gepostet von Naira Zohrabyan am Freitag, 16. Oktober 2020