«Միգուցե, մի օր ապրեմ Հայաստանում». ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը` այս դժվար օրերին Հայաստանում լինելու եւ Արցախին երգ նվիրելու մասին
Advertisement 1000 x 90

«Միգուցե, մի օր ապրեմ Հայաստանում». ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը` այս դժվար օրերին Հայաստանում լինելու եւ Արցախին երգ նվիրելու մասին

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն Արցախի տարածքում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին տեղեկացված է պատերազմի առաջին իսկ օրվանից, եւ այդ պահից սկսած «հոգով հայ» ամերիկացին (ինչպես ինքն է իրեն համարում) սատարում էր Հայաստանին` իր գրառումներով ու ճշմարտությունը բարձրաձայնելով: Բայց Հայաստանի քաղաքացիություն ունեցող ամերիկացի երգիչը չբավարարվեց հեռվում կոչեր անելով, նա վեր կացավ ու եկավ Հայաստան, որպեսզի ֆիզիկապես էլ հնարավորինս օգնի իր սրտում հատուկ տեղ զբաղեցնող ազգին:

NEWS.am STYLE-ը զրուցել է Դեքերի հետ եւ պարզել` ինչպես է ստացվել, որ փոքրիկ Հայաստանն այնքան մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում, որ նա, չնայած դժվար պայմաններին, ցանկացել է լինել այստեղ:

«Երբ կարդացի Արցախում պատերազմի մասին, առաջին ռեակցիաս շոկն էր ու զայրույթը, որ նման սարսափելի բան է տեղի ունենում: Ես միանգամից ցանկացա գալ, որպեսզի աջակցեմ Արցախին ու Հայաստանին այս դժվարին ժամանակներում: Ես շատ եմ սիրում Հայաստանն ու հայերին, հայկական մշակույթը, երաժշտությունն ու պատմությունը: Միգուցե, մի օր Հայաստանը դառնա իմ ֆիզիկական տունը, որտեղ ես կապրեմ: Այն շատ մոտ է իմ սրտին, ես բազմիս նշել եմ` ծնունդով հայ չեմ, բայց ընտրությամբ եմ հայ»,- շեշտեց երգիչը` վերհիշելով նաեւ 2017-ին Արցախ կատարած իր այցը:

Դեքերը համերգ էր ուեցել Շուշիի Մշակույթի եւ Երիտասարդության կենտրոնում, որը եւս ավիրվել է ադրբեջանական հրթիռակոծության պատճառով. «Շուշիում համերգ եմ ունեցել Անկախության օրվա առթիվ, եւ ինձ համար ոչ միայն հետաքրքիր էր, այլեւ հիշարժան տեսնել, թե ինչպես են արցախցիները տոնում անկախությունը: Դրանից հետո ես սկսեցի ավելի շատ սիրել ու հարգել նրանց: Այնտեղ ացելել եմ նաեւ եկեղեցիներ ու թանգարան, եւ Արցախը հատուկ տեղ է զբաղեցրել իմ սրտում: Երբ տեսա ավիրված կենտրոնի լուսանկարները, սիրտս կոտրվեց… Արցախցիներին ուզում եմ ասել` ես ձեզ հետ եմ»:

Իր այցի առաջնային նպատակը Դեքերը համարում է ոչ միայն հոգեպես, այլեւ ֆիզիկապես հայերին օգնելը, նաեւ Արցախին ու հայ հերոսներին նվիրված երգ է պատրաստում:

«Միշտ էլ շատ երաժշտական նախագծեր եմ այստեղ իրականացնում, բայց այս դեպքում դրանք երկրորդ պլանում են, քանի որ առաջնային նպատակս հայերին աջակցելն է, ինչով, որ կարող եմ: Այնուամենայնիվ, մի երաժշտական նախագիծ կա, որը կցանկանայի ավարտին հասցնել, քանի դեռ այստեղ եմ: Նոր երգ եմ պատրաստում Արցախի ու հայ հերոսների մասին»: Երգիչը ցավով է նշում, որ ԱՄՆ-ում մարդիկ մակերեսային են ծանոթ Արցախում կատարվող իրադարձություններին:

«Մամուլում քիչ տեղեկություն կա արցախյան իրադարձությունների մասին, եւ եղածն էլ լավագույնս չի ներկայացնում ճշնարտությունը` այն, որ Արցախն ու Հայաստանը զոհ են այս պատերազմում, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսորները, որ արցախահայությունը ցանկանում է ապրել ազատ ու խաղաղ եւ իրավունք ունի պաշտպանելու իր անկախությունը…»:

Երգիչը նաեւ հավելեց` «Եթե հնարավորություն ընձեռվի, կուզեի նորից տեսնել Արցախը»:

news.am



Նման նյութեր