Մենք չունենք զիջելու հայրենիք. պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնում է Արցախ
Advertisement 1000 x 90

Մենք չունենք զիջելու հայրենիք. պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնում է Արցախ

Հայաստանի Հանրապետության ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնում է Արցախ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ մենակ չի մեկնում: «Տեղում կերևա, թե ով ուր է գնալու: Կարծում եմ՝ անվտանգ չէ այս մասին մանրամասներ ներկայացնելը: Հնարավոր է՝ խնամենք վիրավորներին: Հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց նա:

Ավելի վաղ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել էր. «Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու համար դիմիր քո զինկոմիսարիատ և հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես։

Մենք գնացինք, մենք զիջելու հայրենիք չունենք: Լավ մնացեք, թիկունքն ամուր կպահեք, սիրում եմ բոլորիդ»,-շեշտել է նա ու օգտագործել #հաղթելուենք հեշթեգը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Անժելա Համբարձումյան



Նման նյութեր