Ուժերի եւ ռեսուրսների գերմոբիլիզացիա է անհրաժեշտ. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ուժերի եւ ռեսուրսների գերմոբիլիզացիա է անհրաժեշտ. hraparak.am

Քաղաքական գործիչ Արա Սահակյանը 1988-ից քաղաքականության մեջ է` համազգային շարժման մասնակից, պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ, դեսպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ։

– Պրն Սահակյան, արդեն երկու շաբաթ հրապարակային ելույթներ չէիք ունենում, անգամ ֆեյսբուքյան տարածքից եք հեռացել, ի՞նչ պատահեց, որ համաձայնեցիք հարցազրույց տալ։ 

– Նախ, արձանագրենք․ այն ամենը, ինչ կասեմ, իմ անձնական կարծիքն է։ Իսկ հրապարակային խոսքին վերադառնալու պատճառը հետեւյալն է․ համաձայն լինելով պաշտոնական տեսակետի հետ առ այն, որ հայերիս պարտադրված պատերազմն իր ծավալներով աննախադեպ է, իրավիճակը մեզ համար բավական բարդ է, ունենք շատ զոհեր, պետք է այս իրավիճակից բխող ներքաղաքական լուծումներ որոնել։

– Իշխանությունը որոնում եւ գործադրում է նման լուծումներ․․․

– Եթե ազնիվ ենք մեր գնահատականում, որ պատերազմը հայրենական է, ուրեմն այս պայմաններում ազգային միասնությունը պետք է կառուցվի լայն համախոհության հիմքի վրա՝ բոլոր կարող ուժերի ներգրավմամբ։ Ուստի դիմում եմ իրավասու մարմնին՝ խոսքի ազատության սահմանափակումները վերանայելու հորդորով։ Պարզ ասած՝ դրանք չտարածել իրավիճակին առնչվող կարծիքների վրա, քանի որ այդ սահմանափակումների պատճառով ակադեմիական, համալսարանական շրջանակները, փորձագետները, բժիշկները, ուսուցիչները, արվեստագետները, զինվորականները, գործարարները, իհարկե, նաեւ դուք՝ լրագրողներդ, զրկված են նոր գաղափարներ առաջ մղելու, սխալները մատնանշելու, ուղղելու իրավունքից։ Դա վերաբերում է նաեւ քաղաքական կուսակցություններին եւ անհատ գործիչներին։ Բոլորին։

– Ի՞նչ գաղափարներ կցանկանայիք առաջարկել։ 

– Թիկունքի ժամ առաջ լիակատար մոբիլիզացիա։ Մարդկանց հարկ է մղել աշխատանքի ու մարտի, ինչպես եւ բազմապատկել կարանտինի կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը։ «Ամեն ինչ ճակատի համար» կարգախոսը պետք է մուտք գործի բոլորիս կյանք, մեր օջախները։ Սահմանել պարետային ժամ։ Արգելել բոլոր տեսակի ավելորդությունները՝ խնջույքները, զվարճանքի հաստատությունների աշխատանքը, տրանսպորտային միջոցների ոչ արյունավետ օգտագործումը, հինգ հոգուց ավելի կուտակումները բաց տարածքներում։ Թիկունքը պետք է ապրի ճակատի պես՝ ուժերի գերլարմամբ եւ պատրաստ թե՛ մարդկային, թե՛ նյութական զոհողության։

– Կարծում եք՝ նման արտակարգ նոր միջոցառումների կարիքը կա՞։

– Ես գերկազմակերպվածության եւ գերկենտրոնացման կոչ եմ անում։ Գործադիր իշխանության բոլոր օղակների աշխատանքը պետք է փոխադրել ռազմական դրությանը համահունչ ռեժիմի։ Շուրջօրյա աշխատանք։ Այս պահին ոչ անհրաժեշտ պետական կառույցների գործունեության կասեցում կամ խիստ նվազ կազմով պահպանում, կարող ուժերի գործուղում Արցախ, բանակ, ոստիկանության, քաղաքացիական պաշտպանության մարմիններ։ Նախապատերազմական շրջանի կառավարության կառուցվածքն ու կազմն ամբողջովին համապատասխանեցնել պատերազմի կարիքներին։ Խորհրդարանական անխտիր բոլոր ուժերը պետք է հրավիրվեն նոր՝ ազգային միասնության կառավարություն, խորհրդարանից դուրս ուժերն ու անհատները՝ նույնպես։ Այս ամենը պետք է անի իշխող քաղաքական ուժը կամովին՝ աննախադեպ պատասխանատվության գիտակցումով։

– Իսկ միջազգային հարթակներում գործունեությունը, Ձեր կարծիքով, ի՞նչ փոփոխությունների պետք է ենթարկվի։

– Ուժերի եւ ռեսուրսների նույն մոբիլիզացմանը պետք է ենթարկվի արտաքին քաղաքական գործունեություն իրականացնող պետական համակարգը։ Հարկ է ուժեղացնել մեր դեսպանությունները եւ միջազգային առանցքային կազմակերպություններում ներկայացուցչությունները՝ ԱԳՆ-ից, ԱԺ-ից, կառավարությունից, փորձագիտական շրջանակներից այդ տեղեր գործուղելով բարձրակարգ մասնագետների։ Բոլոր կարող մարդկանց լծել կազմակերպական, քարոզչական, տեղեկատվական աշխատանքի, նոր ուժ հաղորդել հայ ժողովրդի բարեկամներին, սփյուռքյան կառույցներին՝ իրենց չափազանց օգտակար նախաձեռնություններում։ Պատերազմ է։



Նման նյութեր