Աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ: Այս մասին The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
«Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս»,- տեղեկացնում է լրատվամիջոցը՝ նկատելով, որ թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության ոգուն համապատասխան, այն նոր հրատապություն է ձեռք բերում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, վիրավորվել են հարյուրավոր և տեղահանվել տասնյակ հազարավոր մարդիկ:
Դեսպան Ներսեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում այցի նախապատրաստման ուղղությամբ, սակայն այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններով: