Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի օրերին՝ կազմակերպելովց ցույցեր, քաղաքական, քարոզչական աշխատանք, նվիրատվություններ «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանի հայ դատի հանձնախմբի խորհրդի անդամ Ռոքսաննա Մաքասջյանը նշում է, որ պատերազմի լուրը ստանալուն պես անմիջապես ժողով են հրավիրել՝ հասկանալու առաջնահերթ անելիքները Հայաստանին ու Արցախին օգնելու համար։
««Նախևառաջ լուր տարածեցինք, որ դրամահավաք կա, պետք է գումար հասցնեն, որպեսզի մեր զինվորները ունենան ամենը, ինչ որ պետք է։ Ամեն շաբաթ նորից հաղորդագրություն ենք ուղարկում համայնքին, որպեսզի շարունակեն գումար ուղարկել աշխատանքի շաբաթական, ամսական եկամուտից, ինչքան կարող են»,-«Հայերն Այսօր»-ի հետ զրույցում նշեց Ռոքսաննա Մաքասջյանը՝ հատկանշական համարելով նաև տեղական մամուլի հետ աշխատանքներում գրանցած հաջողությունները։
Նրա խոսքով՝ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքը ամեն ինչ ներդնելու է, որպեսզի օգնի այս պայքարին, Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը։
«Մեր համայնքը միգուցե ամենահեռուն է Հայաստանից և Արցախից, բայց շատ մոտ ենք զգում։ Ուզում ենք, որ Հայաստանի և Արցախի հայերը իմանան, որ իրենց կողքին ենք, իրենց կպաշտպանենք»,-ընդգծեց նա։
Սան Ֆրանցիսկոյում մի քանի փոքրաթիվ ցույցերին հաջորդել է լայնածավալ քայլարշավը։ Հայ Երիտասարդաց Դաշնակցության (ՀԵԴ) Սան Ֆրանցիսկո «Ռոստոմ» ուխտի անդամ Վանա Անտոնյանը, որը նաև ցույցի կազմակերպիչներից էր, նշեց, որ վայրը հատուկ էր ընտրված՝ Սան Ֆրանցիսկոյի նշանավոր «Ոսկե դարպաս» կամուրջը։
«Մենք ակնկալում էինք 1000 մարդ, բայց այդ օրը 4-5 հազարը եկավ քայլարշավին։ Այն շատ հաջող էր։ Նաև այլ ցույց է կազմակերպվելու, որովհետև չգիտենք՝ պատերազմը երբ է վերջանալու։ Այդ իսկ պատճառով, ինչ կարող ենք անել, անում ենք, որպեսզի հատկապես օտար երիտասարդությունը իմանա, թե ինչ է կատարվում մեր երկրում»,-եզրափակեց Վանա Անտոնյանը»», ասվում է հաղորդագրության մեջ։