Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունն ուղիղ վիրավորանք է Ռուսաստանի Դաշնությանը:
Մելքոնյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Թուրքիան Ղրիմը չի ճանաչում որպես Ռուսաստանի տարածք և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
«Ղրիմի հարցի արծարծումը նոր չի թուրքական պաշտոնական հռետորաբանության մեջ: Դրանով կարծում եմ հարվածել է մի քանի թիրախի և, բնականաբար, առաջնային թիրախը Ռուսաստանն է: Ղրիմի հարցի նման ձևակերպումները, որ Թուրքիան երբեք չի ճանաչի այն որպես Ռուսաստանի տարածք, ուղիղ ակնարկ ու վիրավորանք է Ռուսաստանին: Այստեղ կան շատ վատ քողարկված պանթյուրքիստական շեշտադրումներ, հատկապես Ղրիմի թաթարների հետ կապված»,– նշեց թուրքագետը:
Մելքոնյանի խոսքով՝ Էրդողանը շարունակում է մնալ Օսմանյան կայսերական և ծավալապաշտական մտածողության ճիրաններում: Նրա կարծիքով՝ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հնչեցրած շեշտադրումներում, թե իրենք չեն ճանաչում Ղրիմի ինքնորոշման իրավունքը, ուղիղ զուգահեռներ կան նաև Արցախի հարցի հետ:
Անդրադառնալով Էրդողանի հայտարարություններից հետո ռուս-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումներին՝ թուրքագետն ընդգծեց, որ դրանք մշտապես գտնվում են տուրբուլենտության մեջ: Նրա խոսքով՝ դժվար է ասել, որ Ռուսաստանն ու Թուրքիան երբևէ կարող են առանց կոնֆլիկտի երկրներ լինել, և նրանց համագործակցությունը երբևէ չի կարող լիարժեք լինել:
«Այդ երկրների շահերը, մտածելակերպը և քաղաքակրթական մոտեցումները տարբեր են: Այն, ինչ երեկ հանդիպմանը հնչեց, նորություն չէ, այլ թուրքական պաշտոնական հռետորաբանությունն է և ցույց է տալիս ռուս-թուրքական հարաբերություններում եղած կոնֆլիկտներից մեկի «այսբերգի երևացող կողմը»: Բայց այդ այսբերգն ունի նաև խորություն և մեկն է այն խնդիրներից, որոնք գոյություն ունեն ռուս-թուրքական հարաբերություններում: Ներկայում՝ արցախյան խնդրի այս թեժ իրավիճակում, Թուրքիայի կողմից նման շեշտադրումներն ունեն նաև քաղաքական, ոչ քողարկված մեսիջի նշանակություն՝ ուղղված Ռուսաստանին և դրանք նրանց հակառուսական հռետորաբանության դասական մեթոդներից են»,- շեշտեց Մելքոնյանը:
Լիլիթ Դեմուրյան