Հոկտեմբերի 18-ի առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:
«Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշում է Արցախի ՊՆ-ն։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ: