Բազմահազար հայեր ողողել էին Կալիֆոռնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցները, ուր մասնավոր հանգանակության նպատակով ժամանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Մեր հայրենակիցները ԱՄՆ նախագահին իրենց բողոքի ձայնն են հասցրել Հայաստանի ու Արցախի դրոշները ծածանելով, «Հայոց ցեղասպանությունը շարունակվում է», «Ճանաչիր Արցախը», «Դադարեցրեք Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ֆինանսավորումը», «Դադարեցրեք ադրբեջանցիների պատերազմը քաղաքացիական բնակչության դեմ» կարգախոսներով պաստառներ պարզելով, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտելու, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջներով:
Արդեն Նեւադայում՝ Լաս-Վեգասում, որտեղ հանդիպում էր նախատեսված ընտրողների հետ, կրկին մեծաթիվ մեր հայրենակիցների ներկայությունը նրան ստիպել է խոսել այսօր հայերին հուզող խնդիրների մասին:
«Հայերը լավ մարդիկ են, նրանք նաև հիանալի գործարարներ են, գիտեք։ Կալիֆորնիայում, որտեղից ես հենց նոր գալիս եմ, այնքան շատ հայեր կային գեղեցիկ դրոշներով։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Պիտի ասեմ, որ ձեր երկրում հիանալի ոգի կա»,-հայտարարել է Թրամփը:
Այդ հավաքին ներկա գտնվածները նշում են նաեւ, որ Թրամփն ասել է, թե ԱՄՆ-ին հայերի նման քաղաքացիներ են հարկավոր, այլ ոչ թե ահաբեկիչներ: