Բազմաթիվ քաղաքացիներ Մատենադարանի հարակից տարածքից քայլերթով գնացել են դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ. նրանք բողոքի ակցիա են անում ըդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի: Նրանց են միացել նաև դերասաններ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:
Մասնակիցները պահանջում են, որպեսզի ՄԱԿ-ը համապատասխան արձագանք տա Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։
Ակցիային մասնակցում են դերասան Ռաֆայել Երանոսյանը, հումորիստ Տիգրան Գևորգյանը և այլք:
«Այս ակցիայով փորձում ենք մեր ձայնը բարձրացնել, որպեսզի ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերջապես արթնանան: Պետք է աշխարհն էլ վերջապես հասկանա, որ ամեն ինչ նավթով, գազով ու զենքով չի լուծվում: Մենք նաև պետք է հասկանանք, թե ներկայացուցիչներն ինչու չեն այցելում Գորիս, Վարդենիս»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Ռաֆայել Երանոսյանը և հավելեց, որ անհրաժեշտության դեպքում ակցիաները շարունակական կլինեն:
Նա նշեց, որ իրենք նամակ են ուղարկել, որտեղ նշված են բոլոր պահանջները, սակայն պատասխան չեն ստացել:
Ակցիայի մասնակիցները բացականչում էին. «Ճանաչում», «Մի եղեք կույր», «Էրդողան, ահաբեկիչ», «Իջեք ներքև» և այլն: