Նորվեգիայի հայերը բողոքի ակցիաներով աջակցում են Հայաստանին ու Արցախին
Advertisement 1000 x 90

Նորվեգիայի հայերը բողոքի ակցիաներով աջակցում են Հայաստանին ու Արցախին

Նորվեգիայի հայ համայնքն այս օրերին բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Հայկական համայնքի բողոքի ձայնն արտահայտվում է ինչպես լուռ ակցիաներ կազմակերպելով, այնպես էլ հայրենիքին աջակցող ելույթներով, հայրենասիրական երաժշտությամբ։ Ցույցերին մասնակցում են հարյուրավոր հայեր՝ հստակ պահանջներով։

«Նորվեգիայի կառավարությանը պահանջներ ենք ներկայացրել (որոնք եղել են 4  կետերով), որոնցով ասում ենք, որ ցանկանում ենք Նորվեգիայի կառավարությունը դատապարտի Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանդեպ, պահանջի դադարեցնել բոլոր հարձակումները և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, Կանխի տարածաշրջանում սրումը և տարածաշրջանային  լայնամասշտաբ բախումների վերաճումը», – պատմել է Նորվեգիայի հայ եկեղեցական համայնքի ղեկավար Նարինե Հարությունյանը։

Ըստ նրա՝ հայ համայնքն ակնկալում է, որ Նորվեգիան կաջակցի Հայաստանին Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։

Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչները նաև աշխատում են տեղեկատվական դաշտում, փորձում տեղի լրատվամիջոցներին իրազեկել Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին։

«Մեր գլխավոր լրատվականներից մեկը գրել էր, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին հրադադարը խախտելու մեջ։ Եվ այստեղ մի պայքար սկսվեց ամբողջ հայերով։ Չանցած մի քանի րոպե հոդվածը փոխվեց, և գրեցին, որ երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց։ Այն ամենն, ինչ մենք ուղարկում ենք, պաշտոնական աղբյուրներից են», – ասել է Նարինե Հարությունյանը։

Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցչի համոզմամբ՝ կշարունակեն բողոքի ակցիաներ կազմակերպել, եթե պատերազմը շարունակվի։ Նրա խոսքով՝ բոլոր հայերի նպատակը մեկն է՝ պետք է նորից Արցախը կառուցեն։