Երևանի Հրաչյա Ներսիսյան փ., 10 հասցեում գտնվող 8744,9 քմ հողամասում տվյալ տարածքի սեփականատերը հիվանդանոց կկառուցի՝ ներդնելով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանին նման որոշում ընդունեց 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը նշեց, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է Հրաչյա Ներսիսյան, 10 հասցեում գտնվող 8744,9 քմ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի, հողերի կատեգորիա:
«Նշված հողամասում, գույքի սեփականատիրոջ կողմից նախատեսվում է հիմնել հիվանդանոց` կատարելով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ստեղծելով մոտ 450 աշխատատեղ: Այս նախագիծն առաջարկվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական նշանակության օբյեկտները ներառված են բնակավայրերի հողերի կազմում»,- նշեց Խաչատրյանը:
Հարակից զեկուցող, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարկոս Հարությունյանը հայտնեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:
Որոշումն ընդունվեց միաձայն՝ 36 «կողմ» ձայնով:
Լիլիթ Դեմուրյան