Երևանի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան փ., 15 հասցեում գտնվող 11 հազար 149,14 քմ հողամասում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանին նման որոշում ընդունեց 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը նշեց, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է տվյալ հասցեում գտնվող հողամասի նշանակությունը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի, հողերի կատեգորիա:
«Սեփականատիրոջ կողմից նախատեսվում է գործող օրենսդրության շրջանակում համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր: Այս նախագիծն առաջարկվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական նշանակության օբյեկտները ներառված են բնակավայրերի հողերի կազմում»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ կառուցվելու են բնակելի մինչև 15 հարկանի շենքեր:
Հարակից զեկուցող, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նախագահի տեղակալ Մարկոս Հարությունյանը հայտնեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:
Որոշումն ընդունվեց 30 «կողմ», 3 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:
Լիլիթ Դեմուրյան