Սոնա Վանն իր մրցանակն ընդունել է արցախյան պատերազմում հերոսացող մարտիկների անունից. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սոնա Վանն իր մրցանակն ընդունել է արցախյան պատերազմում հերոսացող մարտիկների անունից. armeniasputnik.am

Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Սոնա Վանը հոկտեմբերի 18-ին Նյու Յորքում արժանացել է Cross-Cultural Communications-ի 50-ամյա հոբելյանական մեդալին։

Գրողն իր մրցանակն ընդունել է Արցախյան պատերազմում հերոսացող ու նահատակված այն մարտիկների անունից, ովքեր արյան գնով պատերազմում են հանուն արդարության հաղթանակի։

«Այս արարողությանը մասնակցելու հրավերն ավելի վաղ էի ստացել։ Պատերազմը սկսելուց հետո հաստատակամ որոշեցի անձամբ ներկա գտնվել և, օգտագործելով ինձ տրված հատուկ ուշադրության հնարավորությունը, կենդանի խոսքով դիմել աշխարհի ամենատարբեր ազգությունների առաջադեմ ներկայացուցիչներին, ովքեր հաստատել էին իրենց մասնակցությունը»,– Սոնա Վանի PR մենեջերի փոխանցմամբ ասել է ամերիկահայ գրողը։

Նրա խոսքով`պարզվել է, որ ներկաների մեծ մասը տեղյակ չէ ադրբեջանաթուրքաահաբեկչական ուժերի դեմ հայերի մղած պատերազմի մանրամասներին, պատերազմ, որում խախտվում են մարդու իրավունքի, մարդասիրության բոլոր գրված ու չգրված միջազգային օրենքները:

«Ներկաները պարզապես ցնցված էին պատերազմի՝ իմ կողմից ներկայացված ճշմարիտ պատկերով։ Դա զգալի էր նրանց արձագանքից. ոմանք արցունքների մեջ հեկեկում էին, իսկ իսպանացի գրչընկերս աղոթք նվիրեց արյան գնով հանուն արդարության հաղթանակի ահաբեկիչների և ցեղասպանների դեմ կռիվ տվող տղաներին ու զոհված ազատամարտիկներին: Հենց այս հերոսների անունով էլ ես ընդունեցի ինձ տրված հեղինակավոր մրցանակը` հույս հայտնելով, որ աշխարհի ողջ խաղաղասեր և առաջադեմ մարդկությունը տեռորիզմի նետած ձեռնոցը կընդունի որպես սեփական պատերազմ` անկախ աշխարհագրությունից և ազգությունից»,- պատմել է Սոնա Վանը։

Նա նաև հայտնել է, որ Yale Poetry Club-ի նախագահ, CCC-ի հիմնադիր, ազգությամբ հրեա Ստենլի Բարկանը, տեղեկանալով Իսրայելի` Ադրբեջանին աջակցելու մասին, խոստացել է իր բողոքի ձայնը բարձրացնել՝ միասնական նամակի մեջ ներառելով իր բոլոր մտավորական-գրող հրեա ընկերներին և հասարակական գործիչներին՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի և Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման։

«Ես վստահ եմ, որ մյուս օտարազգի ներկաները ևս հետևելու են այս օրինակին։ Տեղեկատվական պատերազմը կարևոր է ճիշտ այնքան, որքան կռիվը մարտադաշտում, հատկապես՝ միջոցների և մարդկային ռեսուրսների այնպիսի անհավասար մարտում, որտեղ հաղթանակը կարող է հնարավոր դառնալ միայն շրջակա քաղաքակիրթ աշխարհի միջնորդությամբ»,-մասնավորապես ասել է Սոնա Վանը։

Նյու Յորքում կայացած Cross-Cultural Communications-ի 50-ամյա հոբելյանական մրցանակաբաշխությանը մասնակցել են միջազգային ճանաչում ունեցող գրողներ աշխարհի տարբեր երկրներից։

armeniasputnik.am